«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ

Այս գիշեր Երեւանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պարգեւատրած զենքը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: 

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով։ Այնուհետեւ՝  Ա.Սիմոնյանի  որդին ավտոմատով կրակոցներ է արձակել Տույի ու նրա մարդկանց ուղղությամբ։

Փոխհրաձգության արդյունքում 4 անձ սպանվել է, որոնցից երկուսը մահացել են տեղում՝ ԱԺ նախկին պատգամավորն ու քրեական հեղինակությունը, եւս երկուսը՝ հիվանդանոցում։

Հրազենային վնասվածքներով 4 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցում։ Վիրավորների թվում է նաեւ Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի որդին։

Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։ ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործով արդեն կա 4 ձերբակալված։

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված զենքն օգտագործվում է Երևանի կենտրոնում՝ ռազբորկաների ժամանակ, այս անգամ՝ արդեն մահվան ելքով։ Հիշեցնենք, որ ԱԺ քպական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը եւս Ամիրյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճափանության ժամանակ կրակոցներ էր արձակել Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով։ Իսկ թե ինչ ծառայությունների համար է Քանաքեռցի Տույը պարգևատրվել՝ հայտնի չէ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում աշխատել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

 

Քաղաքականություն