Փաստաբանը խոսել է Դավիթ Տոնոյանի մեղադրանքի մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, չփաստարկված։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Կալանավորման որոշման հրապարակումից հետո Դավիթ Տոնոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ և այս պահին գտնվում է։

Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց հիմնազուրկ գնահատել Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշումը՝ նշելով, որ դրա դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, սակայն դեռևս չի մուտքագրվել։

Առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հաստատված է համարել գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ինչը, փաստաբանի փոխանցմամբ, մեկնաբանվել է զուտ Տոնոյանի հեղինակությամբ։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում պաշտպանության կողմը վիճարկել է ինչպես հիմնավոր կասկածի առկայության հարցը՝ դրա հիմքում դրված փաստարկների բացակայությամբ, այնպես էլ՝ կալանավորման հիմքին։ Թեև պաշտպանը չմանրամասնեց, սակայն վստահեցրեց, որ պաշտպանության կողմի հակափաստարկներն ավելի շատ են, քան՝ այդ հիմքը հիմնավորող փաստարկները։ Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, փաստաբանը նշեց, որ Տոնոյանը ցուցմունք չի տվել, իսկ դատարանի որոշումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Հարցին՝ արդյո՞ք Դավիթ Տոնոյանի դեմ կան ցուցմունքներ, ինչը դրվել է մեղադրանքի հիմքում, փաստաբանը նշեց, որ որպես այդպիսին որևէ փաստ առկա չէ։ Իսկ թե ինչի վրա է հիմնված մեղադրանքը՝ փաստաբանը նշեց, որ ինքն էլ է ցանկանում դա իմանալ, այդ հանգամանքը դեռ պաշտպանության կողմի համար էլ է մութ։

«Արարքի ճիշտ որակման խնդիր ունենք։ Այսինքն՝ թեկուզ, եթե անգամ ընդունեն, որ առկա է արարք, այդ արարքի վերաբերյալ չի կարող լինել որևէ քրեաիրավական գնահատական։ Շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, հետագայում անպայման կանդրադառնանք, կմանրամասնենք։ Առաջադրված մեղադրանքը և՛ անհիմն է, և՛ չփաստարկված»,- նշեց փաստաբանը։

Դիտարկմանը՝ գտնում են, որ արարքը ճիշտ չէ՞ որակված, փաստաբանը պարզաբանեց, որ ոչ թե սխալ էր որակված արարքը, այլ՝ ոչ քրեաիրավական արարքը գնահատված է որպես քրեաիրավական արարք։

Հարցին՝ արդյո՞ք հերքում են ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու մասին պաշտոնական տեղեկությունը, փաստաբանը զերծ մնաց մեկնաբանելուց՝ նշելով, որ այս պահին այլ տեղեկություն տրամադրելը նպատակահարմար չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ