Եվրոպայի չեմպիոն ունենք. 19-ամյա գյումրեցին շրջանցել է երկու թուրք մարզիկների և հաղթել
19-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ՝ հետ թողնելով երկու թուրք մրցակիցների:
Պոկում վարժությունում Գառնիկ Չոլակյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում բացահայտ առավելություն է ունեցել: Նրա առաջին մոտեցումը՝ 125 կգ կշռող ծանրաձողին արդեն չեմպիոնական է եղել, սակայն Գառնիկը դրանով չի բավարարվել և սանձել է նաև 130 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցումից մեր մարզիկը հրաժարվել է: Երկամարտի արդյունքով նա 6 կգ շրջանցել է երկրորդը ճանաչված մարզիկին: