Հայաստանը մտնում է արհեստական բանականության նոր փուլ. Փաշինյան
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում իրականացրած գործունեության համար և ընդգծել, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում արդեն տևական ժամանակ զարգանում է։ «Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե, մեծ աշխատանք է արված, Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի»,– նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը մատնանշել է Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչային կենտրոնը, «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարանը, ինչպես նաև Firebird ընկերության կողմից առաջիկայում գործարկվելիք արհեստական բանականության գործարանը։ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ տեխնոլոգիաների հետ համընթաց շարժվելը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է։ «Բայց այս առումով մենք պետք է նաև ուշադիր և հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որոնք տեղի են ունենում տեխնոլոգիաների առնչությամբ` այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու և վաստակելու հնարավորությունը, այլ հակառակը՝ հնարավորինս ավելի հեշտ և արդյունավետ դարձնի այն»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գործադիրն ունի բավականին հագեցած օրակարգ տեխնոլոգիաների բնագավառում։ «Այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և տևական խնդիրներ, որոնք կառավարման, պլանավորման և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որին կանդրադառնանք Կառավարության ծրագրի նախագծի քննարկման և ընդունման համատեքստում»,– հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն է հայտնել վարչապետին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար՝ նշելով, որ դա ընկալել է որպես պետությանը ծառայելու բացառիկ հնարավորություն։ Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադևոսյանը նախարարի պաշտոնում հաջողության է հասնելու՝ հաշվի առնելով իր փորձն ու գիտելիքները, և հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացում։
Իր հերթին, նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահելու և ընձեռված հնարավորության համար։ «Ես այս պաշտոնը ստանձնում եմ՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը՝ հպարտությամբ և լիարժեք կատարված աշխատանքի զգացումով այս պաշտոնը հաջորդ նախարարին թողնելու համար»,– ասել է նախարարը։