Ովքե՞ր են Սուքիասյանների ավիացիոն նոր բիզնեսի դե յուրե տերերը. Hetq.am
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Հայաստանում ցանկանում է նաեւ ավիացիոն բիզնեսով զբաղվել: Սուքիասյանները մոլդովացի գործընկերների հետ համատեղ ընկերություն են հիմնել Երեւանում, սակայն վերջինս ՀՀ քաղավիացիայի կոմիտեից դեռեւս չի ստացել օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը թույլ է տալիս իրականացնել առեւտրային փոխադրումներ: Այս մասին հայտնում է Hetq.am-ը։
Խոսքը «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է այս տարվա մարտի 18-ին: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ ՕՇՎ կարող են ստանալ այն իրավաբանական անձինք, որոնց բաժնեմասերի առնվազն 51 %-ը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացիներին եւ/կամ մեր երկրում գրանցված իրավաբանական անձանց: «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացիների, իսկ 46 %-ը գրանցված է մոլդովական «Fly One» ընկերության անունով:
Քիշնեւում գրանցված «Fly One»-ը հիմնադրվել է 2015-ի սեպտեմբերին եւ մոլդովական քաղավիացիոն իշխանությունների կողմից ՕՇՎ ստացել 2016-ի մարտին: 2018-ին մոլդովացիները Ռումինիայում հիմնել են նոր ընկերություն՝ «Fly One Airlines»: Եվ ահա «Fly One Armenia»-ի ստեղծումը մոլդովական ավիաընկերության ցանցի հերթական ընդլայնումը կարելի է համարել:
Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, սակայն «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում եղբայրներից՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյաններից, ոչ մեկ չկա: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է այլ անձանց անունով, որոնք, սակայն, ըստ ամենայնի, փոխկապակցված են Սուքիասյաններին:
Երեւանի 2 բնակիչ՝ Հակոբ Աբրահամի Ալեքսանյանն ու Արմեն Ռաֆիկի Սիրունյանը ունեն 24,5-ական տոկոս փայ: Արմեն Սիրունյանը Սուքիասյանների մերձավորներից է, ինչպես նաեւ ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը (Վ. Սիրադեղյանը նաեւ Խաչատուր Սուքիասյանի քենակալն է):
«Ֆլայուան Արմենիան» գրանցված է Երեւանի Զավարյան փողոցում՝ Արմեն Սիրունյանի հաշվառման հասցեում, որի հարեւան հասցեում էլ գրանցված են Սուքիասյանները:
Բացի՝ Հ. Ալեքսանյանից ու Ա. Սիրունյանից՝ ՍՊԸ-ում եւս 5 տոկոս փայ ունի երեւանցի Լարիսա Աշոտի Սահակովան:
Մոլդովական «Fly One»-ի տերերն էլ նախկին պաշտոնյաներին փոխկապակցված անձինք են: Ներկայում ընկերությունը կիսված է 2 ընտանիքի միջեւ:
40 տոկոսը պատկանում է Մոլդովայի արդարադատության նախկին (2015-2017 թթ.) նախարար Վլադիմիր Չեբոտարի կնոջը՝ Մարիա Չեբոտարին, իսկ 10 տոկոսը՝ նախկին պաշտոնյայի քրոջը՝ Մարիանա Տաբույկեին:
Նկատենք, որ Վ. Չեբոտարը 2006-2011 թթ. աշխատել է Մոլդովայի ազգային ավիափոխադրող «Air Moldova»-ում, 2011-2013 թթ. էլ ղեկավարել է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչությունը: 2013-2015-ին Չեբոտարն այդ երկրի տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների փոխնախարարն էր, իսկ 2015-2017-ին՝ արդարատության նախարարը: Հենց նախարար աշխատելու տարիներին էլ նա իր մերձավորների ու գործընկերների հետ հիմնել է «Fly One» մասնավոր ավիաընկերությունը: 2019-2021 թթ. Վ. Չեբոտարը Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր էր: Նշենք նաեւ, որ Չեբոտարի կնոջն է պատկանում ռումինական «Fly One Airlines»-ի 50 տոկոսը:
Իսկ ահա մոլդովական «Fly One»-ի մնացած 50 տոկոսը պատկանում է այդ երկրի քաղավիացի գերատեսչության նախկին (2015-2016 թթ.) ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին: Ներկա պահին 10 տոկոսը գրանցված է հենց նրա անունով, իսկ 40 տոկոսը՝ նախկին կնոջ՝ Ինա Մալեկայի (ժամանակին այդ 40 տոկոսի սեփականատերը Միրչա Մալեկայի աներն էր՝ Տուդոր Կարաբաջակը): Մինչեւ քաղավիացիայի ոլորտը ղեկավարելը՝ 2013-2015 թթ., Մալեկան եղել է «Air Moldova» ավիաընկերության գլխավոր տնօրենը, իսկ դրանից առաջ՝ ֆինանսական տնօրենը: Նա եւ Վ. Չեբոտարը հին ծանոթներ են:
Հետաքրքիր է, որ 2016-ի հունիսին Մալեկան հրաժարական տվեց քաղավիացիայի ղեկավարի պաշտոնից երկրի այն ժամանակվա վարչապետ Պավել Ֆիլիպի հորդորով: Լրագրողական հետաքննությունը ցույց էր տվել, որ «Fly One» մասնավոր ընկերությունում Չեբոտարների ընտանիքի իրական գործընկերը նախկին աներոջ՝ Տուդոր Կարաբաջակի միջոցով հենց Միրչա Մալեկան է: Վարչապետ Ֆիլիպը խոստովանել էր, որ շահերի բախում կա, ինչին հետեւել էր Մալեկայի հրաժարականը: Նույնիսկ տվյալներ կային այն մասին, որ Մալեկան ցանկանում է սահմանափակել ազգային փոխադրող «Air Moldova»-ի թռիչքային ուղղությունները, ինչից օգտվելու էր նորաստեղծ «Fly One»-ը: Ազատվելով «պաշտոնական կապանքներից»՝ 2017-ի մարտին Մալեկան դարձավ «Fly One»-ի գլխավոր տնօրեն, իսկ հետագայում՝ նաեւ 10 տոկոսի սեփականատեր:
Միրչա Մալեկան նաեւ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: Մայիսի 26-ին նա «Fly One»-ի օդանավերից մեկով ժամանել էր Երեւան, հարցազրույց տվել լրագրողներին, այցելել ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Հաղորդագրություններում մոլդովացիների գործընկեր է նշվել «SIL Group» ընկերությունը, բայց ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում նման իրավաբանական անձ չկա, եւ խոսքն, ըստ ամենայնի, Սուքիասյանների «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի մասին է, չնայած, ինչպես նշեցինք, «Ֆլայուան Արմենիայի» 54 տոկոսի դե յուրե փայատերերը ՀՀ 3 քաղաքացիներ են, ոչ թե «ՍԻԼ Կոնցեռնը»:
«Ֆեյսբուք» սոցցանցում Մալեկայի ու ՔԱԿ-ի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ լուսանկարներ էր հրապարակել Էդուարդ Սուքիասյանը: «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն դիմել է կոմիտեին՝ ՕՇՎ ստանալու համար, սակայն վկայական դեռ չի ստացել: ՀՀ օդանավերի ռեեստրում օգոստոսի 2-ի դրությամբ չկա նաեւ ընկերության անունով գրանցված որեւէ ինքնաթիռ:
Ներկա պահին մոլդովական «Fly One»-ն ունի 5 օդանավ՝ 1 հատ «Airbus A319» եւ 4 հատ «Airbus A320»: Ըստ ընկերության՝ ներկայում իր ավիապարկն ամենամեծն է Մոլդովայում: «A320»-ներից երկուսը մոլդովական գրանցում են ստացել մայիսին եւ հունիսին: Դրանցից առաջինը (մոլդովական գրանցումը՝ ER-00006) հենց Երեւան ժամանած ինքնաթիռն է (տես գլխավոր լուսանկարում): Չի բացառվում, որ այն գրանցվի Հայաստանում որպես «Fly One Armenia»-ի օդանավ: Հատկանշական է, որ «Fly One»-ն իր բոլոր ինքնաթիռներն անվանակոչել է Մոլդովայի քաղաքների անուններով: ER-00006-ը ստացել է «Լեովա» անունը: Լեովան ոչ մեծ քաղաք է երկրի արեւմուտքում: Լեովայի շրջանից է Միրչա Մալեկայի նախկին աները՝ Տուդոր Կարաբաջակը:
«Fly One»-ը հայկական ավիաընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ ունի, ինչի մասին «Հետքը» պարբերաբար գրել է: Նախկինում այս փոխադրողը «թաց լիզինգի» պայմաններով ինքնաթիռներ է վարձակալել «Atlantis European Airways»-ից (օդանավերի հայկական գրանցումները՝ EK-32008, EK-32002, EK-73797) ու «Տարոն-Ավիայից» (EK-73775): Հայկական ինքնաթիռներ է վարձակալել նաեւ ազգային փոխադրող «Air Moldova»-ն::