Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր. Քոչարյան
Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորն իր հարցում հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե բանակում սոված է մնացել և հիշեցրեց, որ այդ տարիներին թիկունքի պետ է եղել Գագիկ Մելքոնյանը, ով այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր է։
«Ինչպե՞ս է ստացվում, որ Սիմոնյանի ծառայության տարիներին թիկունքի պետ եղած Գագիկ Մելքոնյանը հիմա հայտնվել է ձեր ցուցակում և դարձել պատգամավոր։ Այս հարցերը տվե՞լ եք ձեր առաջնորդին։ Պատասխաններ պահանջե՞լ եք Ալեն Սիմոնյանից և Գագիկ Մելքոնյանից։ Եթե Սիմոնյանն իր ծառայության տարիներին սոված է եղել, ստացվում է, որ դրա անմիջական պատասխանատուն Գագիկ Մելքոնյանն է եղել»,– ասաց Մանուկյանը։
Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց, որ եթե ընդդիմությունը մեղադրում է Գագիկ Մելքոնյանին, ապա նույն կերպ պետք է մեղադրի նաև Սեյրան Օհանյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։
«Պաշտպանության նախարարն 8 տարի եղել է Սեյրան Օհանյանը։ Այնպես որ, այստեղ ես չեմ էլ ուզում, որ որևէ մեկը մեղադրվի, գուցե այն ժամանակ հնարավորությունները եղել են այդպիսին։ Բայց եթե դուք տեսնում եք Գագիկ Մելքոնյանի վատ աշխատանքը, ապա պետք է տեսնեք նաև Սեյրան Օհանյանի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վատ աշխատանքը, որովհետև այդ ժամանակ ուժային կառույցները ղեկավարում էին իրենք»,– ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, Ալեն Սիմոնյանն իր հայտարարության մեջ բարձրաձայնել է մի տեսակետ, որը կիսում են այդ տարիներին բանակում զինվոր ունեցած բազմաթիվ ընտանիքներ։
Ինչ վերաբերում է բանակում սննդի խնդրին, ըստ Քոչարյանի, այս հարցն այսօր լուծված է։ Սննդի բազմազանության շնորհիվ հնարավորինս ապահովված է յուրաքանչյուր զինվորի պահանջմունքը։
«Հիմա շատերն ասում են` ինչո՞ւ «կլուբնիկան», մյուս մթերքները, վիտամինները և այլն։ Այո՛, պետք է որոշակի բազմազանություն լինի սննդակարգի մեջ, որպեսզի ոչ մեկի աչքը չմնա սննդի մեջ։ Բայց դա պետք է հաշվարկված, կալորիականությունը հաշվի առնված սննդակարգ լինի»,– ասաց նա։