
Մոսկվայում անհայտ տղամարդը 94 տարեկան կույր կնոջ դրամապանակից գողացել է 27 հազար ռուբլի

Մոսկվայում անհայտ տղամարդը 94 տարեկան կույր կնոջ դրամապանակից գողացել է 27 հազար ռուբլի: Այդ մասին հայտնում է kp.ru - ն:
Դեպքը տեղի է ունեցել երեկ մայրաքաղաքի հյուսիսում գտնվող բնակելի շենքերից մեկում: Ըստ 94-ամյա կնոջ հարևանների՝ կեսօրին մի տղամարդ զանգահարել է նրան ՝ առաջարկելով գնել մի բանկա մեղր: Նա այնքան բարի է եղել թոշակառուի նկատմամբ, որ կինը չի կարողացել հրաժարվել մեղրից: Ծեր կինը տեսողության հետ կապված խնդիրների պատճառով որոշել է տղամարդուն տրամադրել դրամապանակը, որ վերջինս կարողանա ինքնուրույն վերցնել մեղրի գումարը:
Տուժողի դրամապանակում պահվում էին իր բոլոր խնայողությունները, որոնցից էլ օգտվել է հանցագործը՝ գողանալով ողջ գումարը:
Ըստ թերթի՝ ոստիկանությանն այս մասին հայտնել են հարևանները: Իրավապահ մարմիններն արդեն փնտրում են հավանական կասկածյալին՝ դիտելով մուտքերում տեղադրված տեսախցիկներով արձանագրված կադրերը: