
Երեկ արձանագրված անկանոն հրաձգության դեպքը ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է. Ժիրայր Ազիզյան

Արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շուշի-Ղայբալիշեն հատվածում երեկ արձանագրված անկանոն հրաձգության դեպքը ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է` ուղղված Արցախում ապրող քաղաքացիական բնակչության դեմ։
Եռակողմ համաձայնագրից հետո արդեն մի քանի անգամ փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական տարածքներից հակառակորդի կողմից անհասցե կրակոցներ են հնչել, որոնք բնականաբար հանրային մեծ հնչեղություն են ստացել և մտահոգությունների առիթ դարձել։
Իրականում դա Բաքվի կողմից հատուկ մշակված և շատ լուրջ հոգեբանական զենք է` ուղղված Արցախում ապրող հայ ժողովրդի, քաղաքացիական բնակչության դեմ։ Նպատակը պարզ է` բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելով ստիպել նրանց լքել իրենց հայրենիքը, Ադրբեջանը միշտ էլ նպատակ է ունեցել հայաթափել Արցախը, դա է վկայում ժամանակին Ինքնավար Մարզի դեմոգրաֆիական պատկերը։ Այնուամենայնիվ չպետք է տրվել սադրանքներին ու որքան էլ դժվար լինի` պետք է ցանկացած գնով ամուր կանգնենք մեր հողում»։