
Ավտովթար՝ Արտաշատ քաղաքում. բախվել են Nissan-ն ու 2 Mercedes․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Մխչյան գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հայկարամ Մանասերյանի վարած Mercedes մակնիշի, Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հեղինե Կիրակոսյանի վարած Nissan մակնիշի և 67-ամյա Հրաչիկ Թումանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Մանասերյանը, Հ. Կիրակոսյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Ասյա Կիրակոսյանը, Հ. Թումանյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։