
Ինչպե՞ս է նախկին զինվորականը կարողացել անարգել գնալ Թուրքիա և նույնկերպ վերադառնալ որպես ադրբեջանական գործակալ

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական ու այլ դատավարական գործողությունների և դրանց զուգահեռ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:
Auroranews-ի ունեցած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ծառայող զինվորականները ցանկացած երկիր գնալու համար պետք է Պաշտպանության նախարարից թույտվություն ունենան, իսկ Թուրքիա՝ բացառապես հատուկ թույլտվությամբ կարող են մեկնել: Նախկին զիվորականների դեպքում էլ գոյություն ունի ժամկետային սահմանափակում` կախված նրանից, թե քանի տարի առաջ է զինվորականը զորացրվել ծառայությունից:
Ստացվում է, որ եթե զինվորականը վերջերս է զորացրվել, ապա ենթարկվում է նույն կանոններին՝ ինչ գործող զինվորականները:
Այս րոպեներին Auroranews-ը ԱԱԾ-ից փորձում է ճշտել, թե նշված հանցանքի մեջ կասկածվող զինվորականը որքա՞ն ժամանակ առաջ է զորացրվել ՊՆ-ից, և եթե չի լրացել անհրաժեշտ ժամանահատվածը, ինչպե՞ս է կարողացել անարգել մեկնել Թուրքիա և նույնկերպ վերադառնալ ՀՀ տարածք: