
Քաղաքացին հայտնել է, որ իր ծնողների գերեզմանին սև գույնի կտոր են դրել, որն, ըստ իրենց ավանդույթի, նշանակում է սպանության սպառնալիք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 44-ամյա Ամր Մ.-ն դիմել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ այցելել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր հարազատների գերեզմանատուն, որտեղ թաղված են իր հայրն ու մայրը, շիրիմի մոտ նկատել է սև գույնի կտոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ, ըստ իրենց ավանդույթի, եթե գերեզմանոցում սև գույնի կտոր են դնում, ապա դա նշանակում է վրեժխնդրություն, այսինքն ՝ սպանության սպառնալիքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, թե ում վրա է կասկածում այդ արարքում: Իսկ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված հաղորդումը տարածքային կարգով հետագա ընթացքը որոշելու նպատակով ուղարկվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին: