«Ես պաշտպանել եմ մեր դրոշը, հիմա ձեր օգնության կարիքն ունեմ». Կանադահայ բռնցքամարտիկը դիմել է Հայաստանի իշխանություններին
Կանադայում բնակվող 26-ամյա հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, ով իր կարիերայի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, բաց նամակ է գրել Հայաստանի քաղաքացիներին և պաշտոնյաներին: Սուպերմիջին քաշային կարգի WBA և WBO վարկածներով երկու չեմպիոնական գոտի կրող մարզիկը հայտնել է, որ 10 տարի չի եղել հայրենիքում և դեռ չի կարող գալ Հայաստան այն պատճառով, որ գտնվում է հետախուզման մեջ` բանակում ծառայությունից խուսափելու համար:
«Չնայած այն փաստին, որ ես Կանադայում եմ ապրում, ես միշտ ռինգ եմ մտել Հայաստանի դրոշի ներքո և միշտ բարձրության վրա պահել մեր դրոշը և հայի անունը, -ասել է Բազինյանը:
Բռնցքամարտիկը նշում է, որ բազմիցս դիմել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, բայց մերժում է ստացել:
«Ես դիմում եմ Հայաստանի բոլոր պաշտոնյաներին` խնդրելով հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք: Ես պատրաստ եմ կատարել ի շահ մեր բանակի օրենքով սահմանված բոլոր պարտավորությունները », – գրել է Բազինյանը:
Նա սակայն նշել է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանա լքել իր ընտանիքը, 3-ամյա որդուն և թողնել հաջող մարզական կարիերան, որպեսզի վերադառնա Հայաստան՝ բանակում ծառայելու համար: