Քաղաքականություն Կարևոր

ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը

ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը

Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումը ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 21-րդ տեղը, իսկ այժմ՝ 13-րդը։ Այս համեմատությունը ներկայացվում է որպես կառավարման փոփոխությունից հետո գրանցված արդյունքի վկայություն։


Սակայն Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «1000 խոշոր հարկատուների» պաշտոնական ցանկերի AuroraNews-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս այլ պատկեր։ Պաշտոնական տվյալներից պարզ է, որ Ալեքսանյանի նշած 21-րդ և 13-րդ հորիզոնականները համապատասխանում են որոշակի ժամանակահատվածների հրապարակված ցանկերին։ Սակայն միայն այս երկու ցուցանիշների համեմատությունը չի ներկայացնում ՀԷՑ-ի հարկային ցուցանիշների փոփոխության ամբողջ ընթացքը։


Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ դեռևս 2023 թվականի չորրորդ եռամսյակում ՀԷՑ-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 22-րդ տեղը։ Այդ ժամանակ ընկերության ղեկավարության փոփոխության, ժամանակավոր կառավարման կամ պետականացման վերաբերյալ որևէ պաշտոնական գործընթաց կամ հայտարարություն չէր եղել։ Սա նշանակում է, որ ընկերության դիրքի բարելավումը խոշոր հարկատուների ցանկում սկսվել էր դեռևս մինչև վերջին կառավարման փոփոխությունները։

Screenshot_13.jpg 406.13 KB



ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է 2025 թվականի հուլիսի 18-ին։ Մինչ այդ, ՀԷՑ-ի պետականացման գործընթացը մեկնարկել էր նույն թվականի ապրիլին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ը դե ֆակտո արդեն գտնվում է պետության վերահսկողության տակ, իսկ իրավական ձևակերպումը շարունակվում է։ 


Մինչ պետականացումը Հայաստանի Էլեկտրական Ցանցերրի կառավարիչն էր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանը:

Screenshot_11.jpg 385.13 KB


Ինչպես պարզ է դառնում AuroraNews-ի ուսումնասիրությունից` ՊԵԿ-ի տվյալներով՝ մինչև պետականացման գործընթացը՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով, ՀԷՑ-ը զբաղեցնում էր ոչ թե 21-րդ, այլ 19-րդ տեղը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Իսկ 2025 թվականի չորրորդ եռամսյակի՝ արդեն ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած ժամանակահատվածի արդյունքներով ընկերությունը զբաղեցնում էր 17-րդ տեղը։ Այսինքն՝ պաշտոնական տվյալներով տարվա ավարտին գրանցվել է երկու հորիզոնականի բարելավում։


Screenshot_10.jpg 360.43 KB

ՀԷՑ-ը 13-րդ հորիզոնականում հայտնվում է միայն 2026 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով։ Այսինքն՝ պատգամավորի հայտարարության մեջ ներկայացված 21-րդից 13-րդ տեղ տեղափոխվելու պատկերը չի համապատասխանում հրապարակային պաշտոնական տվյալներին. մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀԷՑ-ը 21-րդ տեղում չի եղել, իսկ 13-րդ հորիզոնականին հասել է միայն շուրջ մեկ տարի անց։ 

Screenshot_12.jpg 387.1 KB


Միաժամանակ, հարկ է նշել, որ 21-րդից 13-րդ տեղ բարձրանալը ևս փաստացի արձանագրված փոփոխություն է։ Այսինքն՝ կառավարման փոփոխությունից հետո նույնպես գրանցվել է առաջընթաց։ Սակայն եթե դիտարկվում է միայն 21-րդ և 13-րդ տեղերի տարբերությունը, պետք է նշել, որ ՀԷՑ-ի դիրքի բարելավման գործընթացը սկսել էր ավելի վաղ և ունեցել է շարունակական բնույթ։


Հետևաբար, Վահագն Ալեքսանյանի ներկայացրած տվյալները չեն հակասում պաշտոնական վիճակագրությանը, սակայն ընտրված համեմատությունը ներկայացնում է միայն գործընթացի մի հատվածը։ Ամբողջ ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ի առաջընթացը խոշոր հարկատուների ցանկում չի սկսվել ժամանակավոր կառավարման ներդրումից հետո, այլ շարունակվել է արդեն իսկ առկա աճի ֆոնին։ 


Նշենք, որ նոր գումարման խորհրդարանում Վահագն Ալեքսանյանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնի թեկնածու է։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250