Սամվել Կարապետյանից և մյուս մեղադրյալներից պահանջում են ավելի քան 6,8 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի և մյուս մեղադրյալների դեմ ներկայացվել է ավելի քան 6 մլրդ 814 մլն դրամի գույքային հայց։
Դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ընթացող դատական նիստում հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը դատարանին խնդրել է Սամվել Կարապետյանից և մյուս մեղադրյալներից համապարտության կարգով բռնագանձել ավելի քան 6 մլրդ 814 մլն դրամ։ Հետախուզման մեջ գտնվող անձանց մասով, նրա խոսքով, դիրքորոշումը կներկայացվի դատավարության հաջորդ փուլերում։
Դատարանը նաև բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանին թողնելով տնային կալանքի տակ։
Դատական նիստում հայտնի է դարձել նաև, որ ԱԺ պատգամավոր ընտրվելու պատճառով դադարեցվել է փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Լիաննա Գասպարյանի մասնակցությունը որպես պաշտպաններ։
Պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին հայտնել է, որ գույքային հայցը չի համապատասխանում օրենքի պահանջներին և պետք է վերադարձվի։ Նրա խոսքով՝ այն պատշաճ հիմնավորված չէ, իսկ ներկայացված պատճառաբանությունները չեն պարզաբանում հայցի իրավական հիմքերը։
Պաշտպանական կողմը նաև պնդել է, որ պետությանը պատճառված վնասի չափը հիմնավորված չէ, քանի որ դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն չկա, իսկ հայցի հիմքում դրված ապացույցները, ըստ պաշտպանների, անթույլատրելի են։
Չնայած առարկություններին՝ դատարանը գտել է, որ հայցը համապատասխանում է օրենսգրքի պահանջներին, ընդունել է այն վարույթ և Սամվել Կարապետյանին ու մյուս մեղադրյալներին ճանաչել գույքային պատասխանողներ։