Աշխարհի չեմպիոն ունենք. Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք մարզուհուն

Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ էին  դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը, ով փայլուն հանդես եկավ և հռչակվեց աշխարհի չեմպիոն: 

Լիանան հաջողությամբ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117,121 և 125 կիլոգրամանոց ծանրաձողերը:  Պոկում վարժությունից հետո Լիանան ընդհանուր հաշվարկում 3-րդն էր, սակայն առաջին տեղը գրաված կոլումբիացի մարզուհին տարիքի պատճառով չէր մասնակցում  մրցույթին: 

Նույն կերպ կոլումբիացին առաջինն էր նաև հրում վարժությունում, իսկ Լիանան՝ երկրորդը, բայց նրա արդյունքը մրցութային չէր կարող համարվել: Այսպիսով առաջնության հաղթող դարձավ Լիանան: Մեր մարզուհին նաև փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց: Երկրորդ տեղը գրավեց թուրք մարզուհի Դիլարա Ուքանը: 

Երկամարտի արդյունքով Լիանան կարողացավ գերազանցել նրան 1 կիլոգրամով: