Արագած լեռն վրա արջի հարձակումից հետո, զբոսաշրջիկները շարունակում են լեռ բարձրանալ

Օրերս Արագած լեռ բարձրացած արտասահմանցի զբոսաշրջիկի վրա արջի հարձակման լուրը մեծ արձագանք ստացավ: Թեև տեղի ունեցած դեպքը դեռ նոր է, լեռնագնաց, «Արմլենդ» զբոսաշրջային ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը հասցրել է ընկերների հետ միասին արշավի գնալ Արագած: Armtimes.com-ի  հետ զրույցում ասել է , որ ամեն ինչ լավ է անցել, իրենցից բացի մի քանի հոգի էլ կային։ 

 

Օձերի խայթոցների մասին շատ է լսել, բայց արջի հարձակվելու մասին լուրը իր համար էլ է զարմանալի։ Վերջինիս կարծիքով՝ զույգը մենակ է եղել ու անաղմուկ գնացել՝ պատահմամբ հանդիպելով արջին։

 

«Ես 10 տարի արշավում եմ, միայն մեկ անգամ եմ տեսել արջի քոթոթ, շատ վաղուց է եղել»,- նշել է  Արտյոմ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ եթե խումբը մեծ է լինում ու աղմուկով է շարժվում, կենդանիները չեն համարձակվում մոտենալ, մարդու հոտ առնելու դեպքում՝ աշխատում են հեռու մնալ։

 

Լեռնագնացի խոսքով՝ Արագած, Աժդահակ, Արա լեռների վրա արջեր կան, գայլեր էլ կան, ուղղակի պետք է ուշադիր լինել։ Եվ եթե մենակ եք, պետք է գոնե անշարժանալ, որ քեզ չնկատեն, թեեւ միայնակ լեռներ գնալը չի խրախուսվում։

 

Հայաստանի լեռներում վտանգավոր են օձերը, կարիճները, արջերն ու գայլերը։

Ըստ ԱԻՆ-ի տրամադրած վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի մինչեւ սեպտեմբերի 19-ը արձանագրվել է 42  արտակարգ դեպք՝ կենդանիների հարձակում, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։ Ըստ նույն վիճակագրության՝ 2016 թվականին 24 դեպք է արձանագրվել, որից 1  քաղաքացի է տուժել, 2017 թվականին ահազանգերի թիվը 15-ն է եղել, այս անգամ եւս տուժել է 1 քաղաքացի։ 2018 թվականին դեպքերի թիվը 33-ն է եղել, սակայն ոչ ոք չի տուժել։

 

Արագածում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ եւս մեկ անգամ հայտարարվեց, որ արշավը սկսելուց առաջ անհրաժեշտ է հայտնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիային։

 

«Թեեւ օրենքով նախատեսված չէ, որ պարտադիր պետք է զգուշացնել, այնուամենայնիվ սա արվում է անվտանգության համար»,- իր խոսքում շեշտել է արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ ավելացնելով, որ եթե չկա որեւէ արտակարգ իրավիճակ,  ԱԻՆ-ը չի կարող թույլ չտալ, որ կազմակերպվի արշավը, իսկ զգուշացնելու նպատակը մեկն է՝ նման դժվարամատչելի վայրերի, եղանակի, տեղանքի խնդիրների ու սպասվող վտանգների մասին տեղեկացնելը։ Եվ որպեսզի անհրաժեշտության դեպքում՝ հեշտ կարողանան գտնել։

 

Էդմոն Զարգարյանը շեշտեց, որ հատկապես զբոսաշրջիկների դեպքում՝ նպաստավոր է, եթե նրանք չեն ստացել կողմնացույցային տեղեկություն: Այսպես կարող են իմանալ, թե ուր են գնում, ինչ խնդիրներ կարող  են լինել։

 

«Սա ունի մարդասիրական բնույթ, որպեսզի իրավիճակը դառնա կառավարելի, ԱԻՆ-ը առաջարկում է իր ծառայությունները։ Ամբողջովին կանխել չի լինի, բայց որպեսզի հնարավորինս մեղմի իրավիճակը»,- շեշտել է մամուլի քարտուղարը։

 

Հարմար կոշիկներ՝ լեռներ բարձրանալու համար, ուսապարկ, դեղատուփ, որտեղ կլինեն առաջին օգնության պարագաներ, լապտեր՝ցանկալի է գլխի, ձեռնոցներ, տաք շոր, գլխարկ, ակնոց, եւ դու պատրաստ ես արշավային խմբին միանալ։

 

Մանրամասները` սկզբնաղբյուրում: