ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս արժանապատիվ հեռանալ. ԿԳ նախարար
Կարծում եմ, որ արժանապատիպ հեռանալը շատ լավ բան է, սակայն այս դեպքում ես նման գործելաոճ չտեսա: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան:
Նա, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց, որ ցանկացած ղեկավար, հատկապես մեծ հիմնարկի ղեկավար, հեռանալիս պետք է խոսի այն հաջողությունների եւ անհաջողությունների մասին, որ ունեցել է, այլ ոչ թե փորձի ուրիշներին ինչ-որ բաներում մեղադրել:
«Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց եւ մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: Այն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներեւ է, եւ կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետեւ ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ հետընթաց է ունեցել»,- ասաց նախարարը եւ նշեց, որ դեռ որեւէ թեկնածուի մասին քննարկում չի եղել իր մոտ:
Հարցին՝ արդյոք հոգաբարձուների խորհուրդը լուծարելու ծրագիր է եղել, Արայիկ Հարությունյանն ասաց, որ հոգաբարձուների խորհուրդը չի լուծարվի, եթե անդամներն իրենք դրա համար դիմում չներկայացնեն ինչ-ինչ պատճառներով:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 23-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին ԵՊՀ արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր իր հրաժարական տալու մասին:
Տեսանյութը` News am-ի: