ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դոն Պիպոյին» անակնկալի են բերել
Այսօր «Արցախ» մամուլի ակումբում նախատեսված էր քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ ինքը՝ Ասատրյանը, տեղյակ չի եղել ասուլիսի մասին: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:
Տարածված հայտարարության մեջ որեւէ նշում չկար, թե ինչ թեմայով է լինելու նրա հետ հանդիպումը: Շուտով պարզվեց, որ Արթուր Ասատրյանը եկել է մի խումբ գեղեցկուհիների հետ հանդիպման. նրա հիմնադրամը ֆինանսավորում է «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամին:
Մինչ նրա գալը «հրապարակ մտան» գեղեցկուհիները, նրանցից հետո ժամանեց Արթուր Ասատրյանը, ըստ էության, անակնկալի գալով լրագրողների ներկայությունից. «Ասի` գամ քեզ տենամ, երկու բառ խոսամ»,- դիմելով մրցույթի կազմակերպիչներից Գոհար Հարությունյանին՝ ասել է Արթուր Ասատրյանը: Վերջինս խոսեց մրցույթի, արդար ընտրությունների, առանց բարեկամական կապերի գեղեցկության մրցույթներում հաղթելու, բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին: «Տարիներ շարունակ ինչ-որ շշուկներ են հասել, որ իրենց բարեկամներին, մտերիմներին սարքում են գեղեցկուհիներ: Գոհարիկին (խոսքը Գոհար Հարությունյանի մասին է,-հեղ.) ասացի՝ մի խնդրանք ունեմ, եթե դուք անեք, մենք կֆինանսավորենք, որ հաղթելու է ամենագեղեցիկն ու ամենաբանիմացը, որը իմ համար շատ կարեւոր է»,- ասաց Արթուր Ասատրյանը՝ հավելելով. «Չէի սպասում, որ էսօր էսքան մարդ ա լինելու, կյանքում էսքան չէի քրտնել»:
Լրատվականը հայտնում է, որ մրցույթի մասին խոսելուց հետո լրագրողները սահուն անցում կատարեցին նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքին, Մանվել Գրիգորյանի հետ նրա հարաբերություններին: Ի պատասխան լրագրողների հարցին, Ասատրյանն ասել է, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Հայկական ժամանակի հարցին՝ ձեր սպանությունը նախապատրաստելու գործով պատվիրատուի անունը ի վերջո հայտնի՞ է, թե՝ ոչ, Ասատրյանը պատասխանեց. «Ինձ որտեղից հայտնի լինի, ձեր ցավը տանեմ»: 2018 թվականի հունիսին, երբ նա ձերբակալվեց, ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց Դոն Պիպոյի կողմից ենթադրյալ առեւանգման դրվագի վերաբերյալ, որտեղ, ըստ ԱԱԾ-ի՝ նա իր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձանցից պահանջել էր հայտնել պատվիրատուի անունը: Դիտարկմանն ի պատասխան Ասատրյանն ասել է. «Բայց ես տեսանյութի մեջ ի՞նչ կապ ունեմ, դուք ինձ տեսե՞լ եք էնտեղ: Ձայնը տվել են փորձաքննության, եկել է, որ դա ես չեմ, էրեխեք ջան, նենց չի, որ դա ես եմ եղել»: Նշենք, սակայն, որ ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ հնարավոր չի եղել պարզել՝ տեսանյութում հնչող ձայնը Արթուր Ասատրյանինն է, թե՝ ոչ:
Անդրադառնալով իր մեղադրանքին՝ Ասատրյանը նշեց, որ առնչություն չունի Էջմիածնում գտնվող իր առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքի հետ։ «Հիմա տեսեք՝ ես եկել եմ Գոհարիկին տեսնելու, էրեխեքին լավ բան անելու, դուք ձեր ժուռնալիստական հնարքները օգտագործում եք իմ դեմ... Ես ընդհանրապես կապ չունեմ, ես ստեղ տուրիստ եմ եկել. 10 օրով եկել եմ երկիր, դա հորս տունն է, որտեղ երեք եղբայր ենք ապրում, ու ապրում է 50 հատ ախռանա, որը պահում է մեզ, իրենք կպարզեն` դա ում զենքն է եղել, խնդրում եմ՝ դա մի վերագրեք մեզ»,– դժգոհելով լրագրողների հարցերից՝ ասաց Արթուր Ասատրյանը:
Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) հատկանիշներով: Նա կալանավորվել էր, սակայն 2018 թվականի սեպտեմբերի 20-ին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: