ԼՈՒՍԱՆԿԱՐ. Թրամփի ստորագրությունը՝ ամերիկյան 100-դոլարանոցի վրա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր ստորագրությամբ 100-դոլարանոց նոր թղթադրամի պատկերը։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, սա հաջորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մի քանի ամիս առաջ արված հայտարարությանը, ըստ որի՝ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան թղթադրամների վրա։
Դեռևս մարտ ամսին ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը տեղեկացրել էր, որ վարչակազմը ծրագրում է Թրամփի ստորագրությունը ներառել թղթադրամների վրա՝ նվիրելով այն Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակին։ Լրատվամիջոցը հարցում է կատարել գերատեսչություն՝ պարզելու համար, թե արդյոք նշված 100-դոլարանոց թղթադրամների տպագրությունն արդեն ընթացքի մեջ է։
Ներկայացված պատկերում երկրի ղեկավարի ստորագրությունը զետեղված է Բեսենթի ստորագրությունից վերև։ Նախկինում 100-դոլարանոցների վրա հայտնվում էին ֆինանսների նախարարի և ԱՄՆ գանձապետի ստորագրությունները, իսկ Միացյալ Նահանգների գործող նախագահի ստորագրությունը նախկինում երբեք չի եղել ամերիկյան արժույթի վրա։
«Նախագահի ներդրումը պատմության մեջ՝ որպես «Ամերիկայի ոսկե դարի» տնտեսական վերածննդի ճարտարապետ, անհնար է ժխտել։ Նրա ստորագրությունը ամերիկյան արժույթի վրա տեղադրելը ոչ միայն տեղին է, այլև լիովին արժանի», — մարտին այս որոշումը մեկնաբանելով՝ հայտարարել է ԱՄՆ գանձապետ Բրենդոն Բիչը։
Վերջին ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմը ակտիվորեն առաջ է մղում տարբեր պաշտոնական փաստաթղթերում և պետական օբյեկտներում նախագահի անունը, պատկերը կամ խորհրդանիշները տեղադրելու նախաձեռնությունները։ Դրա շրջանակներում նրա անունը կամ պատկերն արդեն ներառվել են ամերիկյան հուշանվերային անձնագրում, ազգային պարկեր մուտք գործելու հատուկ անցագրերում, Վաշինգտոնի մի շարք դաշնային գերատեսչությունների մոտ տեղադրված բաններներում, որոշ մշակութային հաստատություններում, այդ թվում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում, ինչպես նաև երեխաների համար նախատեսված հատուկ ներդրումային հաշիվներում։ Բացի այդ, Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվին։
Հանրապետական որոշ օրենսդիրներ առաջարկում են գնալ էլ ավելի հեռու և Թրամփի դիմանկարը տեղադրել 250 դոլար անվանական արժեքով հատուկ հոբելյանական թղթադրամի վրա՝ նվիրված ԱՄՆ-ի 250-ամյակին։ Սակայն այս նախաձեռնության իրականացումը քիչ հավանական է թվում, քանի որ դրա ընդունման համար կպահանջվի դեմոկրատ սենատորների աջակցությունը։
Ամերիկյան գործող օրենսդրությունը նախատեսում է, որ թղթադրամների և պետական արժեթղթերի վրա կարող են պատկերվել միայն մահացած անձինք։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատ ներկայացված օրինագիծն առաջարկում է բացառություն անել այն անձանց համար, որոնք Միացյալ Նահանգների նախագահներ են կամ եղել են։
Ավելի վաղ այս տարի Գրավյուրայի և տպագրության բյուրոյի աշխատակիցներն արդեն պատրաստել էին Թրամփի դիմանկարով և ստորագրությամբ 250-դոլարանոց թղթադրամի փորձնական նմուշներ։ Մայիսին Սքոթ Բեսենթը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով CNN-ի հարցին, հայտարարել էր, որ չի տեսնում «ոչինչ անպատշաճ»՝ նախագահի պատկերը ամերիկյան արժույթի վրա տեղադրելու մեջ։
«Ես չեմ կարծում, որ սխալ բան կա այն բանում, որ երկրի 250-ամյակին նվիրված հոբելյանական թղթադրամի վրա պատկերված լինի Միացյալ Նահանգների նախագահը», — ասել է Բեսենթը։
Հարցին, թե արդյոք նախագծի պատրաստմանը մասնակցել են վարչակազմի քաղաքական նշանակված անձինք, նախարարը պատասխանել է. «Այո, իհարկե։ Բայց մենք պատրաստվում ենք ամեն ինչի՝ այն դեպքի համար, եթե օրինագիծն ընդունվի»։
