Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Գ. Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի 2026թ. մայիսի 28-ի ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, մասնավորապես՝ նրան «հանցագործ», «շպիոն», «գործակալ» անվանելը, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու» և «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ տվյալները։ Ըստ Ծառուկյանի՝ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են։
Հերքումը պետք է կատարվի ԶԼՄ-ներին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելով և հրապարակվի 13 լրատվական կայքերում կամ նրանց յութուբյան հարթակներում։
Բացի հերքումից, պահանջվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույն կարգով և ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից՝ նույն լրատվամիջոցներով, հետևյալ տեքստով.
«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես՝ ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։
Հայցվորը պահանջում է Փաշինյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար, ինչպես նաև նախապես վճարված 310 հազ. դրամ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Նշենք, որ հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվել է 2026թ. հունիսի 2-ին և վարույթ ընդունվել հունիսի 12-ին։ Գործը քննում է դատավոր Նաիրա Ավետիսյանը։
Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայց են ներկայացրել նաև «Հայաստանի Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի դեմ։
Հայցադիմումով պահանջվում է, որ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ն հրապարակայնորեն հերքի 2026 թվականի մայիսի 24-ին «Առաջինի լրատվական ալիքի» կայքում տեղադրված՝ «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութը։
Հերքումը պետք է տեղադրվի նույն հղմամբ և հեռարձակվի «Լուրեր» հաղորդման ընթացքում՝ տևողությամբ, ձևավորմամբ և կարևորությամբ չզիջելով սկզբնական նյութին, որի տևողությունը կազմել է 11 րոպե 39 վայրկյան։
Կուսակցությունն ու վերջինիս առաջնորդը պահանջում են, որպեսզի հերքումը հրապարակվի նաև www.1lurer.am «Առաջինի լրատվական ալիքի» կայքով, յութուբյան եթերով, ֆեյսբուքյան հարթակով։
Հայցադիմումում նշվում էր, որ հեռուստաընկերությունը տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված։ Լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Մասնավորապես՝ ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի՝ իրականությանը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ։ Նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։
Հայցվորների պնդմամբ՝ տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջինիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն։ Իրականում ԲՀԿ-ն քաղաքական գործընթացներում անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին։
«ԲՀԿ-ն ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով»,-նշված է հայցադիմումում:
Միաժամանակ տեսանյութում խոսվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործերի մասին, որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը, հայցվորների պնդմամբ, ևս չի ներկայացվել բարեխիղճ և հավասարակշռված։ Լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ՝ պարզելու ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, արդյունքում ներկայացնելով միակողմանի սխալ տեղեկատվություն։ Գագիկ Ծառուկյանը մեղավոր չի ճանաչվել, արդարացվել է իր նկատմամբ հարուցված քրեական բոլոր վարույթներով։
Հայցվորները պահանջում են «Հայաստանի Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ից բռնագանձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի օգտին 6-ական միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև յուրաքանչյուր հայցվորի մասով նախապես վճարված 200 հազար դրամ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։
Այս գործը մակագրվել է դատավոր Գուրգեն Քոթանջյանին և դեռևս հրապարակված չեն վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկությունները։