ԵՄ-ն Ուկրաինա կուղարկի 447 գեներատոր․ մեկ միլիոն ուկրաինացի մնացել է առանց ջեռուցման՝ մինչև -20°C ջերմաստիճանում
ԵՄ-ն Ուկրաինա կուղարկի 447 գեներատոր՝ 3.7 միլիոն եվրո արժողությամբ: Այս արտակարգ գեներատորները նախատեսված են հիվանդանոցների, ապաստարանների և կարևորագույն ծառայությունների էլեկտրաէներգիան վերականգնելու համար, որոնք վնասվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից շարունակվող հարվածների հետևանքով, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը:
Հանձնաժողովը նշել է, որ այս հարձակումների հետևանքով մեկ միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման՝ մինչև -20°C ջերմաստիճանում:
Գեներատորները կբաշխվեն Ուկրաինայի Կարմիր խաչի հետ համագործակցությամբ երկրի ամենաշատ տուժած շրջաններում:
«Մենք թույլ չենք տա Ռուսաստանին սառեցնել Ուկրաինան: Մենք լույս և ջերմություն ենք բերում այնտեղ, որտեղ Ռուսաստանը խավար է ցանում», - ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Եվա Գրինչիրովան:





























