Վտանգ չեմ տեսնում. Սամվել Շահրամանյանն իրեն մեղադրանք առաջադրելու մասին
Սամվել Շահրամանյանն իրեն մեղադրանք առաջադրելու և հնարավոր կալանքի մասով վտանգ չի տեսնում։ Այս մասին Շահրամանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Շահրամանյանը շուրջ 1 ժամ հարցաքննվեց։ Հարցաքննությունն արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղ գտած հայտարարությունների հիման վրա է։
«Հարցաքննությունը հիմնականում կապված էր 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների և դրա հետևանքների հետ։ Թե ինչ հարցեր են բարձրացվել՝ նախաքննական գաղտնիք է։ Մենք երբևէ չենք խուսափել վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց ու հարցերի պատասխանելուց։ Այսօր էլ հնչեցված հարցերին պարզաբանումներ տվել ենք։ Ինձ այսօր հարցաքննել են վկայի կարգավիճակով։ Այս պահին վտանգ չեմ տեսնում (խոսքը իրեն մեղադրանք առաջադրելու և կալանքի միջնորդություն ներկայացնելու մասին է)»,- նշեց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն ու կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան։
2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին այս վարույթի շրջանակում Սամվել Շահրամանյանը 12 անգամ ինտենսիվ կերպով հարցաքննվել է ու հայտնել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները։





























