Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 6-ին

ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 6-ին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այդ մասին հայտնել է Եվրասիական…

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։


Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացման և ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն ավարտվել են, իսկ կողմերը փոխանակվել են համապատասխան նոտաներով։


ԵՏՀ-ում նշել են, որ ԱՄԷ-ն ԵԱՏՄ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ 2025 թվականին ԵԱՏՄ երկրների և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։


Համաձայնագրի շրջանակում ԱՄԷ-ն արտոնյալ մաքսային ռեժիմ է սահմանել ԵԱՏՄ արտահանման ապրանքային անվանացանկի 86 տոկոսի կամ Էմիրություններ արտահանվող ապրանքների ծավալի 98 տոկոսի համար։ ԵՏՀ-ի գնահատմամբ՝ դրա շնորհիվ ԵԱՏՄ անդամ երկրների արտահանողները տարեկան առնվազն 266 միլիոն դոլար կխնայեն մաքսատուրքերի վճարման հաշվին։


Սլեպնևը նաև հայտնել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կարող է աճել առնվազն 5-6 միլիարդ դոլարով։


ԵՏՀ-ում ընդգծել են, որ փաստաթուղթը ներառում է նաև ժամանակակից կարգավորումներ՝ էլեկտրոնային առևտրի, տնտեսական համագործակցության և փոքր ու միջին ձեռնարկությունների միջազգային առևտրում ներգրավման ոլորտներում։


Բացի այդ, Սլեպնևը նշել է, որ ԱՄԷ-ով անցնող «Հյուսիս-Հարավ» տնտեսական միջանցքը ԵԱՏՄ արտահանողների համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում՝ Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Հարավային Ասիայի շուկաներ մուտք գործելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250