ՌԴ գործընկերներին խնդրել եմ ամբողջապես վերականգնել Երասխից Նախիջևան և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման երկաթուղին.Նիկոլ Փաշինյան
TRIPP-ի հետ կապված հռչակագրում գրված է, որ դա Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով: Այսինքն՝ դա հստակ ձևակերպված է, և այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի: Այդ մասին Կառավարւթյան ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ-ն օրերս TRIPP-ին միանալու ցանկություն է հայտնել՝ որպես հիմք վկայակոչելով 2021-2023 թվականների եռակողմ ձևաչափով մշակված լուծումները, նաև գնահատումների մասով փորձագիտական խորհրդատվություն է առաջարկվել: Լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ի համար այս առաջարկներն ինչքանո՞վ են դիտարկելի:
«Ասեմ, որ ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել, մասնավորապես, երկաթուղու՝ Երասխից մինչև Ադրբեջան՝ դեպի Նախիջևանի սահման, և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման, ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ, որ առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ՝ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա:
Հույս ունեմ՝ ՌԴ մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստակամություն է հայտնել միայն Մեղրիի մասն իր տնօրինությունից Հայաստան փոխանցելուն, Փաշինյանը պարզաբանեց. «Երկաթուղու՝ Մեղրիի հատվածի հետ կապված թյուրըմբռնում կա, որովհետև այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չէ, որ հանձնեն Հայաստանին: Դա ՀՀ-ի ինքնիշխան տարածքն է, և մենք այդ ինքնիշխան տարածքի կառավարումը որևէ մեկին չենք արտապատվիրակել: Այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվեր որևէ մեկի կողմից: Այսինքն՝ նման թեմա չկա»:





























