Հայաստանը փաստացի դուրս է ՀԱՊԿ-ից՝ մնացածը քաղաքական նպատակահարմարության հարց է. Ալեն Սիմոնյան

TRIPP-ը քաղաքացիական բնույթի նախագիծ է և որևէ ռազմական տարր չի պարունակում: Այս նախաձեռնության նպատակն է՝ գտնել այնպիսի տրամաբանություն, որը կնվազեցնի երկու ժողովուրդների միջև տևական ատելությունը և կպակասեցնի կոնֆլիկտային իրավիճակների հնարավորությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է լրագրողների հետ ճեպազրույցում:


«Բոլոր սահմանները բաց կլինեն, մենք իրար հետ առևտուր ենք անելու և արդեն արել ենք, նույնիսկ Ղարաբաղում որոշ ժամանակաշրջանում առևտուր է իրականացվել: Ապագայում նույնպես կանենք ու խաղաղ կապրենք միասին»,- ընդգծել է Սիմոնյանը:


Անդրադառնալով այցերին՝ նա նշել է․ «Ես պատրաստ եմ հարմար պահին այցելել Ադրբեջան և հրավիրել իմ գործընկերոջը Հայաստան որոշակի ֆորմատով: Այժմ ինձ հրավեր չի եղել, բայց եթե այն լինի, կքննարկեմ»:


ԱԺ նախագահը նաև մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները․ «ՀԱՊԿ-ից դուրս գալը արդյո՞ք հակառուսականություն է նշանակո՞ւմ: Աշխարհում շատ կազմակերպություններ կան, օրինակ՝ Ժուռնալիստների կամ Մսավաճառների միություն, և եթե դրանց անդամակցությունը պարտավորությունները չի կատարում, դա դեռ չի նշանակում, որ դու հակառակ ես որևէ մեկին»:


Պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը դեռ չի դուրս գալիս ՀԱՊԿ-ից՝ Սիմոնյանը նշել է․ «Փաստացի մենք արդեն դուրս ենք, մնացած հարցերը թողնենք մեր քաղաքական նպատակահարմարության վրա»:

Քաղաքականություն