Պետական պահպանության ծառայությունը պետք է զարգանա որպես ինքնուրույն հատուկ ծառայություն․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայության զարգացման արդյունքներն արդեն տեսանելի են՝ ծառայողների համազգեստից մինչև սպառազինությունն ու տեխնիկական հագեցվածությունը։
Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը։
«Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ծառայողներն իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ»։,-նշել է վարչապետը։
Վարչապետը կարևորել է նաև միջազգային համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն ապահովում է ավելի լայն հասանելիություն և արդյունավետ հաղորդակցություն միջազգային գործընկերների հետ։
Վարչապետը կարևորել է նաև Պետական պահպանության ծառայության աշխատողների համար սոցիալական երաշխիքների պատշաճ մակարդակի ապահովումը։
«Գործիքը կամավոր ատեստավորումը պետք է լինի, և կամավոր ատեստավորման ամեն շրջափուլ իր հետ պետք է բերի սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ։ Սա պետք է լինի շարունակական»։,- նշել է նա։
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը, որովհետև այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է։
«Նախկինում այս ընկալումն այդքան էլ չի եղել, որովհետև ծառայությունը եղել է Ազգային անվտանգության ծառայության կազմում և ինքնուրույն կարողությունների զարգացում առանձնապես անհրաժեշտ չի համարվել։ Կարծում եմ՝ հիմա այն փուլն է, որ ծառայությունը նաև ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, սրանից բխող բոլոր հարցադրումներով և պատասխաններով՝ անպայման պետք է զարգանա, և դա նաև կառուցվածքային որոշակի փոփոխություններ է ենթադրում»։,- նշել է վարչապետը
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Պետական պահպանության ծառայությունը դարձել է ավելի գրավիչ երիտասարդների համար՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն։
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, որը ներկայացրել է համակարգի գործունեության բարելավմանն ուղղված իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և նվիրումով կատարելու համար Պետական պահպանության ծառայության մի շարք աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են։