Հասարակություն

Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից

Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրում են միայն ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները, չնայած նրան որ Տեսալսողական մեդիայի մասին օրենքը ընդունվել է 2020 թվականին։


Խոսքը սգո և հիշատակի օրերի մասին է։ Հայաստանում, բացի ապրիլի 24-ից և դեկտեմբերի 7-ից, կան նաև մի շարք օրենքով սահմանված հիշատակի օրեր, որոնց ընթացքում տեսալսողական մեդիաներին արգելվում է հեռարձակել գովազդ և ժամանցային հաղորդումներ։


Սակայն այստեղ առաջանում է գլխավոր հարցը. եթե դրանք պետական հիշատակի օրեր են, ինչո՞ւ է դրանց ազդեցությունը զգում միայն մեկ ոլորտ։


Այդ օրերին հանրության առօրյայում գրեթե ոչինչ չի փոխվում։ Բայց ռադիոներն ու հեռուստաընկերությունները պարտավոր են հրաժարվել իրենց հիմնական եկամտի աղբյուրից՝ գովազդից։


Յուրաքանչյուր նման օր լրատվամիջոցների համար իրական ֆինանսական կորուստ է։


Այս սահմանափակումների հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվում ահռելի գումարներ։


Թեմային անդրադարձել է նաև «Ռադիո ՎԱՆ»-ի  տնօրեն և Հայաստանի ռադիոհեռարձակողների ասոցիացիայի հասարակական կազմակերպության տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։ Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե հիշատակի օրերն են, այլ այն, որ օրենքը հստակ չի տարբերակում սգո օրը հիշատակի օրից, ինչի արդյունքում սահմանափակումները տարածվում են միայն տեսալսողական մեդիայի վրա, մինչդեռ հասարակության մնացած կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքը։


Նույն խնդրի մասին 2026 թվականի սկզբին քննարկումներ են տեղի ունեցել նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։ Հայաստանի ռադիոհեռարձակողների ասոցիացիայի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նախարարը համաձայնել էր, որ հարցը քննարկման և վերանայման կարիք ունի, սակայն մինչ օրս որևէ օրենսդրական փոփոխություն չի իրականացվել։


Այս ֆոնին ծագում է ևս մեկ հարց։ Եթե նույնիսկ օրենքը մնում է անփոփոխ, արդյո՞ք այն կիրառվում է բոլորի նկատմամբ հավասար։ 


Հունիսի 29-ը՝ անհայտ կորածների հիշատակի օրը, ոչ բոլորն են պահել տեսալսողական մեդիաների օրենքի արգելքը։


Եթե օրենքը մեկն է, ապա ինչո՞ւ է դրա կիրառումը տարբեր։


Եթե պատասխանատվություն կա, այն պետք է լինի բոլորի համար։ Իսկ եթե օրենքը գործում է ընտրովի, ապա հարցականի տակ է դրվում ոչ միայն դրա արդար կիրառումը, այլև հավասար մրցակցային միջավայրը։


Այսօր ոլորտը պահանջում է ոչ թե արտոնություն, այլ վերանայել այս օրենքը, որպիսի չխանգարի տնտեսվարողների աշխատանքին։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250