Հասարակություն

100 մլն դրամ տուրք՝ ինքնակամ շինությունը օրինականացնելու համար. նախագիծ

100 մլն դրամ տուրք՝ ինքնակամ շինությունը օրինականացնելու համար. նախագիծ

Քաղաքացիական օրենքսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչեւ օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու եւ օրիանականացման դիմելու համար: Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաեւ, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխությունից հետո, այլեւս օրինականացման ենթակա չեն լինի: Գործնականում ի հայտ եկած այդպիսի բազում խնդիրների լուծման ու ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն՝ միաժամանակ ավելի խիստ պահանջներ սահմանելով:


Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:


Զեկուցողի խոսքով օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կարող է հանգեցնել արդեն իսկ ստեղծված տնտեսական եւ սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային եւ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը:


«Կսահմանվի ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար վերջնաժամկետ՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Միաժամանակ կսահմանվեն Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկման եւ հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա եւ ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի կողմից նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաեւ օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը»,- հայտնել է զեկուցողը:


Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ ինքնակամ կառույցների օրինականացման համար տեղական տուրքերի նոր տեսակներ: Ըստ նախագծի՝ Երեւանում եւ մայրաքաղաքին հարակից համայնքներում ինքնակամ կառույցի օրինականացման դեպքում կգանձվի օրենքով սահմանված փաստաթղթերի ձեւակերպման համար նախատեսված վճարի եռապատիկը, ինչպես նաեւ 100 մլն դրամի չափով միանվագ տեղական տուրք: Մարզերում եւ Երեւանին ոչ հարակից համայնքներում նույն տուրքի չափը կկազմի 50 մլն դրամ:


Պատգամավորների հարցերը վերաբերել են տուրքերի չափերի հիմնավորմանը, նախագծում կադաստրային արժեքների գործոնը հաշվի առնելուն, ոչ իրավական ճանապարհով կառուցված շինությունների քանակին ու դրանց հաշվառման հնարավորություններին: Զեկուցողը հարցերին տվել է մանրամասն պատասխաններ՝ միաժամանակ ընդգծելով, որ պետությունը չի խրախուսում ինքնակամ շինությունների կառուցումը, ինչի մասին է վկայում նաեւ տվյալ իրավակարգավորման շրջանակում տեղական տուրքերի առավել բարձր չափերի սահմանումը:


Նախագծերի փաթեթի հարակից զեկույցը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը:


Հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250