Քաղաքականություն

Ընտրական համակարգի հասցեին հնչող մեղադրանքներն անընդունելի են․ ԿԸՀ քարտուղար

Ընտրական համակարգի հասցեին հնչող մեղադրանքներն անընդունելի են․ ԿԸՀ քարտուղար

«Հայաստանի ԿԸՀ էլեկտրոնային համակարգին արտաքին որևէ միջամտություն անհնար է։»,- Սահմանադրական դատարանի նիստում  իր եզրափակիչ ելույթում այս մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։


ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ում եզրափակիչ ելույթի համար Սահմանադրական դատարանում հատկացվել էր մեկ ժամ, նշել է, որ հունիսի 14-ից հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքները։ Նա նաև մանրամասն ներկայացրել է ԿԸՀ-ի գործառույթներն ու ձայների հաշվարկի գործընթացը։


Սմբատյանի խոսքով՝ ընտրական համակարգի նկատմամբ արտաքին միջամտությունը բացառված է, ինչը, ըստ նրա, ապացուցվում է այն հանգամանքով, որ համակարգը դիմակայել է բազմաթիվ կիբեռհարձակումների՝ առանց խափանումների։


Միաժամանակ ԿԸՀ քարտուղարը չի բացառել մարդկային գործոնի ազդեցությունը՝ նշելով, որ տվյալների մուտքագրման ընթացքում հնարավոր են եղել տեխնիկական սխալներ, քանի որ աշխատակիցները երկար ժամանակ աշխատել են շուրջօրյա ռեժիմով և եղել են գերհոգնած։


Որպես օրինակ՝ նա նշել է դեպք, երբ տվյալների մուտքագրման ժամանակ շփոթվել են տողերը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն այդ սխալն ընդունել և ուղղել է՝ ընդգծելով, որ այն չի վերաբերել որևէ առանձին քաղաքական ուժի, այլ ընդհանուր տեխնիկական վրիպում է եղել։ Սմբատյանը նաև նշել է, որ նախնական և վերջնական արդյունքների միջև կատարվող համեմատությունները հիմնավորված չի համարում։


ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ 637 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ է իրականացվել, և անհասկանալի է, թե ինչու են դրա արդյունքները բացասական լույսի ներքո ընկալվում։ Նա վստահեցրել է, որ երբ ԲՀԿ ներկայացուցիչն իրեն է դիմել ընդամենը մեկ քվեաթերթիկի հարցով, ԿԸՀ-ն բոլոր ջանքերը գործադրել է խնդիրը կարգավորելու համար։


ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացի շրջանակում ամբողջ ընտրական համակարգի հասցեին հնչող մեղադրանքներն անընդունելի է համարում։ Նրա խոսքով՝ անընդունելի են նաև ընտրական համակարգում արձանագրված ձեռքբերումները զրոյացնելու փորձերը։ Միաժամանակ նա նշել է, որ հայցվորներն ունեցել են անհրաժեշտ տվյալները ստանալու լայն հնարավորություններ։


Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ներկայացրած պնդմանը, թե 340 ընտրատեղամասերում ստորագրությունների և քվեարկությանը մասնակցած անձանց թվի միջև շուրջ 27 հազար ձայնի տարբերություն կա, Սմբատյանը նշել է, որ ԿԸՀ-ն իրականացրել է նույն հաշվարկները։ Նրա խոսքով՝ շուրջ 100 ընտրատեղամասում նման համեմատություն հնարավոր չի եղել կատարել, քանի որ այնտեղ քվեարկել են զինծառայողներ կամ կալանավորված անձինք։


Սմբատյանի հավաստմամբ՝ մնացած ընտրատեղամասերում արձանագրված տարբերությունները եղել են չնչին և բազմակի անգամ ավելի փոքր, քան ներկայացնում է «Հայաստան» դաշինքը։ Նա նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր տեղամասային ընտրական հանձնաժողովից ստանալ նույնականացման սարքի ամփոփիչ կտրոնը և ծանոթանալ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների վերաբերյալ տվյալներին։


Անդրադառնալով զինծառայողների քվեարկությանը՝ ԿԸՀ քարտուղարը նշել է, որ զինվորական ընտրողների վերաբերյալ տվյալները կարող են փոփոխվել, քանի որ, նրա խոսքով, բանակը մշտապես փոփոխվող համակարգ է, իսկ ընտրողների ցուցակների վերջին ճշգրտումները կատարվում են ընտրություններից երեք օր առաջ։


«Խնդրում և կոչ եմ անում ակնածանքով ու խնամքով վերաբերվել ընտրական ինստիտուտին»,- իր ելույթը եզրափակել է Սմբատյանը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250