ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՔՊ-ի ֆինանսավորման սահմանաչափի խախտման վերաբերյալ որևէ ապացույց չկա․Սրբուհի Գալյան
Սահմանադրական Դատարանում Սրբուհի Գալյանը հերքեց այն պնդումն, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գերազանցել է նախընտրական ֆինանսավորման սահմանաչափը, սակայն դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց ։
«Քարոզարշավի ֆինանսավորումն իրականացվել է օրենքով նախատեսված հաշվետու մեխանիզմներով, և ամենամեծ ծախսը հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է հայտարարագրել»,- նշել է նա։
ՔՊ ներկայացուցիչը նաև անդրադարձել է ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ հնչող քննադատություններին՝ նշելով, որ դրանք հնչում են նաև այն քաղաքական ուժի կողմից, որը, ըստ նրա, ընտրություններից անմիջապես առաջ է գրանցվել որպես կուսակցություն։
«Ֆինանսավորման թափանցիկության խնդիր բարձրացնում է այն դիմողը, որը մինչև ընտրությունները գործել է որպես շարժում և միայն նախընտրական փուլում է գրանցվել որպես կուսակցություն՝ այդ ընթացքում չլինելով կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կանոնակարգի ներքո»,- ասել է նա։
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած ատելության խոսքի վերաբերյալ պնդումներին՝ ՔՊ ներկայացուցիչը նշել է, որ դրանց գնահատականը տվյալ գործի շրջանակում վճռորոշ նշանակություն չունի։
Նա նշել է, որ խնդիրը ոչ թե այն է, թե այս կամ այն արտահայտությունն էթիկայի խախտում է կամ կոպիտ է, այլ այն, թե արդյոք այդ արտահայտություններն իրական ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա։ Նրա խոսքով՝ այդ հարցերն արդեն քննարկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, իսկ տվյալ գործի շրջանակում անհրաժեշտ է պարզել՝ փոխե՞լ են դրանք ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։