Ընդունվում է, որ ընտրակաշառքի դեպքեր եղել են, ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր․ Լիպարիտ Դրմեյան
«Ընտրախախտումները եղել են համակարգային և կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։»,- Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Նա արձագանքել է այն պնդումներին, թե իրենց ներկայացրած բողոքների փոքր թիվը վկայում է խախտումների ոչ զանգվածային բնույթի մասին՝ նշելով, որ իրենց դիմումի նպատակը խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցը չի եղել։
«Մենք դիմում չենք ներկայացրել՝ պնդելով, որ եթե ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեին, մենք կանցնեինք խորհրդարան։ Մենք արձանագրել ենք խախտումներ։ Այդ խախտումների հետևանքով, մեր գնահատմամբ, ընտրողների կամքը չի ձևավորվել հավասար պայմաններում»,– ասել է Դրմեյանը։
Նա անդրադարձել է նաև դատաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի ելույթին՝ նշելով, որ վերջինս խոսել է ընտրակաշառքի դեպքերի համատարած բնույթի մասին։
«Եթե ընդունվում է, որ ընտրակաշառքի դեպքեր եղել են ամբողջ Հայաստանում, ապա դա ինքնին փաստում է, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր։ Կարծում եմ՝ դրանից ավելի ուժեղ ապացույց դժվար է պատկերացնել, առավել ևս, երբ դրա մասին խոսում է իրավասու մարմնի ներկայացուցիչը»,– նշել է նա։
Դրմեյանը նաև հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները դատաքննության ընթացքում ընդունել են, որ աշխատել են գերծանրաբեռնված պայմաններում։ Նրա խոսքով՝ դա ևս կարող էր ազդել արձանագրված խախտումների բացահայտման և դրանց օպերատիվ արձագանքման վրա։
Խոսելով Սահմանադրական դատարանի սպասվող որոշման մասին՝ Դրմեյանը հայտնել է, որ ակնկալում է, որ դատարանը կարձանագրի բոլոր դիմողների ներկայացրած խախտումների համակարգային և համատարած բնույթը։
Անդրադառնալով Վահագն Հովակիմյանի այն հայտարարությանը, թե քաղաքական ուժերը Սահմանադրական դատարան են դիմել քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, Դրմեյանը նշել է, որ այդ գնահատականին էական նշանակություն չի տալիս։
«Մենք բարձր դատարանում ենք, և այստեղ կարևոր են իրավական փաստարկները, ներկայացված ապացույցներն ու իրավական դիրքորոշումները»,– ընդգծել է նա։
Ըստ Դրմեյանի՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական կուսակցությունների խնդիրը յուրաքանչյուր խախտումը բացահայտելը չէ։ Դա պետության գործառույթն է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ընտրությունները կանցկացվեն ազատության և հավասարության սահմանադրական սկզբունքներին համապատասխան։