Հայաստանը ներկայումս ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային շրջանը. Նիկոլ Փաշինյան
Անորոշության և կասկածների միջավայրում պետությունը կարող էր փլուզվել ներսից, բայց Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն անսասան մնացին՝ դառնալով այն անկյունաքարերից մեկը, որի վրա դժվարին պահին հենվեցին Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովուրդը, և ես ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների բոլոր աշխատողներին, այսինքն՝ ձեզ բոլորին: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ:
«Այս ջանքերի շնորհիվ մենք հասել ենք մի կետի, որ կարող ենք ասել Հայաստանը ներկայումս ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային շրջանը․ առաջիկա 500 տարում Հայաստանի Հանրապետության լինելիությունն ապահովելն իրատեսական և կիրառական է, քան երբևէ, և այս պատմական հնարավորությունն իրացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերը ձևակերպված հետևյալ հիմնադրույթներով․
Առաջին․ Պետությունը հայ ժողովրդի բարձրագույն ձեռքբերումն է, նրա բարձրագույն արժեքը և գերագույն նպատակը։
Երկրորդ․ Պետության գոյության գերագույն նպատակն իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում իր քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը, կամ մեկ բառով ասած՝ երջանկությունն ապահովելն է։
Երրորդ․ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, ով իր հերթին պետք է ուժեղացնի պետությանը։
Չորրորդ․ Այս խնդիրը լուծելու համար ինստիտուտները քաղաքականություններ մշակելիս պետք է առաջնորդվեն բացառապես պետական շահով, որն է տնտեսական զարգացումը։
Հինգերորդ․ Պետությունն իր արտաքին և ներքին բոլոր հարաբերություններում պետք է հենվի լեգիտիմության սկզբունքի վրա։
Այս հինգ պարզ հիմնադրույթների կիրառումը, հարգելի՛ ներկաներ, և մեր բոլոր ոլորտների բոլոր քաղաքականությունների ու որոշումների բխեցումն այս հիմնադրույթներից ապահովելու է մեր պետականության ոչ միայն գոյությունը, այլև զարգացումն առաջիկա հարյուրամյակներում»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։





























