ԱՄՆ-ը ներքաշվել է ևս մեկ անհիմն պատերազմի մեջ․ Իրավանի

«Իսրայելի վարչապետին հաջողվել է ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել Արևմուտքի «կեղտոտ աշխատանքը»՝ «Միացյալ Նահանգներին ներքաշելով ևս մեկ թանկարժեք և անհիմն պատերազմի մեջ»,- ասել է Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում մեղադրելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։


Իրավանին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ անվանել է «միջազգային իրավունքի հստակ և կոպիտ խախտում» և նշել, որ Թեհրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի։ Իրավանին ասել է, որ մինչ Իրանի արտգործնախարարն այս շաբաթ բանակցություններ էր վարում մի քանի եվրոպացի գործընկերների հետ, «Միացյալ Նահանգները որոշեց ոչնչացնել այդ դիվանագիտությունը»։


«Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս իրավիճակից։ Արևմտյան երկրների տեսանկյունից Իրանը պետք է «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ Սակայն, ինչպես նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը, ինչպե՞ս կարող է Իրանը վերադառնալ այն բանին, որից երբեք չի հեռացել», - ասել է Իրավանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։