Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի ժողովրդին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողությունը, դիմել է Իրանի ժողովրդին։ Այս մասին հաղորդում է «The New York Times»-ը։


«Ձեզ ուղերձ ունեմ՝ մեր պայքարը ձեր դեմ չէ։ Մեր պայքարը դաժան բռնապետության դեմ է, որը 46 տարի ճնշում է ձեզ։ Ես հավատում եմ, որ ձեր ազատության օրը մոտ է։ Եվ երբ այդ օրը գա, մեր երկու հին ժողովուրդների միջև մեծ բարեկամությունը կրկին կծաղկի», - ասել է նա:


Նեթանյահուն նաև հավելել է.«Ես ուզում եմ վստահեցնել քաղաքակիրթ աշխարհին, որ մենք թույլ չենք տա աշխարհի ամենավտանգավոր ռեժիմին ձեռք բերել աշխարհի ամենավտանգավոր զենքը»։


Հավելենք՝ գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։


Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։