
Աբբաս Արաղչին հայտարաությամբ է հանդես եկել

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց երկրի զինված ուժերը կպաշտպանեն երկիրը Իսրայելի հարվածներից։
«Իրանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, ունի օրինական և լեգիտիմ իրավունք՝ պատասխանելու այդ ագրեսիային»,- ասել է Արաղչին:
Նա ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտավորությունը՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու միջազգային խաղաղության և անվտանգության խախտումը սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված բացահայտ ագրեսիայի հետևանքով: Իրանը կոչ է անում Անվտանգության խորհրդի նախագահին և անդամներին՝ հնարավորինս շուտ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ»:
Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի անդամ, նաև տարածաշրջանային բոլոր պետությունները «անհապաղ կդատապարտեն այդ հանցավոր ագրեսիան և կձեռնարկեն հրատապ ու համատեղ գործողություններ՝ հակազդելու այդ վտանգավոր արկածախնդրությանը, որը, անկասկած, աննախադեպ սպառնալիք է ստեղծել համաշխարհային խաղաղության և անվտանգության համար»:
«Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների հետ համակարգման և թույլտվության: Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը, որպես այդ ռեժիմի գլխավոր աջակից, նույնպես պատասխանատվություն է կրելու սիոնիստական ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։ Հարվածի հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին: