Իրանի ԱԳՆ-ն՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս մասին KHAMENEI.IR կայքին տված հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։


«Եթե ​​նայենք պատմական իրողություններին, վստահաբար կարող ենք ասել՝ իսլամի ընդունումից հետո Իրանը երբեք այնքան հզոր, անկախ ու ազդեցիկ չի եղել, որքան այսօր։ Այս ուժի ամենավառ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին։ Երբ որոշ երկրներ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պատրվակով փորձեցին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ՝ նախագիծ, որն, ըստ էության, կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանն աչալուրջ և վճռականորեն ընդդիմացավ այս ծրագրին և տապալեց դրա իրականացումը»,- ասել է Վելայաթին։


Ըստ նրա՝ այս գործողությունը Իրանը միայնակ է կանխել, նույնիսկ՝ առանց Ռուսաստանի օգնության։


«Սա ցույց է տալիս, որ Իրանը, նույնիսկ՝ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է խելացի դիվանագիտության միջոցով պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը։ Իրանի հմուտ և ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանություն է, այլև ամուր պատնեշ՝ տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության համար»,- հավելել է նա։


Վելայաթին ընդծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում հակառակորդների վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն է եղել, այլև հարավից Ռուսաստանի շուրջ շրջափակման օղակ ստեղծելը։ Սակայն այս նախագիծը նույնպես ձախողվել է։


«Այսօր Իրանը կենտրոնական տեղ է զբաղեցնում ձևավորվող նոր աշխարհակարգում»,- շեշտել է նա։

Քաղաքականություն