Ռմբակոծվել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը. հասանք մեր նպատակին. «Անսար Ալլահ»

Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հուսիթները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա: Այս մասին հայտնել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան, հաղորդում է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։


Նրա խոսքով՝ հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ Բեն Գուրիոնի վրա հարձակվելով «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռի միջոցով։


Նա նաև նշել է, որ գործողությունը «հաջողությամբ հասել է իր նպատակին» և հարձակման հետևանքով օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։


Հիշեցնենք՝ Հունիսի 1-ին հուսիթները հայտնեցին Բեն Գուրիոնի և Իսրայելում գտնվող երեք այլ թիրախների վրա հարվածների մասին: Ավելի վաղ  Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնեցին Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին՝ նշելով, որ հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են այն որսալու ուղղությամբ:


Հավելենք՝ հուսիթները հայտարարել էին Իսրայելի Հայֆա նավահանգստի շրջափակում սահմանելու մտադրության մասին։