Բանակցություններից հետո Ուկրաինայի ՊՆ նախարարը հայտարարություն է տարածել

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և մինչև 25 տարեկան անձանց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:


Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են նաև «6000-ը 6000-ի դիմաց» սկզբունքով փոխանակել զոհված զինվորականների մարմինները։


Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը ռուսներին առաջարկել է ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև հունիսի վերջ։ Պաշտոնյան նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը:


Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին: