
Թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ․ 4 անձ ձերբակալվել է

ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար, այս մասի փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ա.-ն և Ա.Մ.-ն փորձել են ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված թմրամիջոցներից 95,43 գրամ «Մարիխուանա» տեսակի և 96,43 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները, սակայն ճանապարհին ձերբակալվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:
Նույն օրը Ա.Կ.-ն և Մ.Օ.-ն Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն իրենց կամքից անկախհանգամանքներում չեն կարողացել անցկացնել սահմանով, քանի որ ձերբակալվել են:
4 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։