Պետդեպարտամենտը հայտարարել է 200 միլիոն դոլարի նոր մարդասիրական աջակցության մասին
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ICRC) և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային (IFRC)՝ աղետների արձագանքման և մարդասիրական օգնության տրամադրման նպատակով։
Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Տրամադրվող ֆինանսավորումից շուրջ 133 միլիոն դոլարը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2026 թվականի գլոբալ ծրագրին, իսկ 70 միլիոն դոլարը՝ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային։
Պետդեպարտամենտում շեշտել են, որ ֆինանսավորումը համապատասխանում է մարդասիրական աջակցության վերաբերյալ ԱՄՆ-ի նոր մոտեցմանը, որի նպատակն է ապահովել առավել ճկուն և արագ արձագանքում միջազգային ճգնաժամերին։
Համաձայն հաղորդագրության՝ այդ մեխանիզմը գործընկեր կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում արձագանքել ինչպես ընթացիկ ճգնաժամերին, այնպես էլ նոր աղետներին՝ կիրառելով արդեն առկա միջոցները և շրջանցելով երկարատև գնումների ու վարչական այլ ընթացակարգերը։
Ըստ հաղորդագրության՝ IFRC-ն, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերություններին և ունի շուրջ 18 միլիոն վերապատրաստված կամավոր, աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում հաճախ առաջիններից է օգնություն ցուցաբերում տուժած բնակչությանը։ ԱՄՆ-ի ֆինանսավորումը կօգնի անհրաժեշտության դեպքում արագ ընդլայնել այդ կազմակերպությունների արձագանքման հնարավորությունները։
Միաժամանակ, ICRC-ին տրամադրվող աջակցությունը նախատեսված է զինված հակամարտություններից տուժած բնակչությանը կենսական օգնություն տրամադրելու համար։ Պետդեպարտամենտում նշել են, որ կազմակերպության չեզոք և անկողմնակալ կարգավիճակը հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ առաջնագծերում և դժվարամատչելի շրջաններում գտնվող մարդկանց, որոնց հաճախ չեն կարողանում հասնել մյուս մարդասիրական կառույցները։
Գերատեսչությունն ընդգծել է, որ վստահելի միջազգային գործընկերների միջոցով նախապես հասանելի ֆինանսավորումը թույլ է տալիս ավելի արագ և արդյունավետ արձագանքել մարդասիրական ճգնաժամերին՝ միաժամանակ նվազեցնելով վարչական բեռը։