
Ռուսաստանը համարժեք պատասխան կտա. Պեսկով

Ռուսաստանը համարժեք պատասխան կտա, եթե Կիևը շարունակի փորձել հարվածել ՌԴ–ին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կնքված հրադադարի օրերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոների ընթացքում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ արդիական է։ Եվ համապատասխան հրահանգները տրվել են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Սակայն այստեղ ես կցանկանայի հիշեցնել ձեզ մեր դիրքորոշումը։ Կրակը կդադարի, բայց եթե Կիևի ռեժիմի կողմից փոխադարձություն չլինի, և մեր դիրքերին կամ մեր օբյեկտներին հարվածելու փորձերը շարունակվեն, ապա անմիջապես համարժեք պատասխան կտրվի», - ասել է նա։
Պեսկովը նշել է նաև, որ Մոսկվան Կիևից որևէ հայտարարություն չի լսել Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարին միանալու պատրաստակամության մասին։
«Ցավոք, մենք դեռևս չենք լսել Կիևից, ռեժիմի ներկայացուցիչներից, ռեժիմի ղեկավարից որևէ հայտարարություն, որում կխոսվեր այս տոնական հրադադարին միանալու պատրաստակամության մասին», - ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
Ռուսաստանը, ՌԴ նախագահի որոշմամբ, հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը։ Այդ ընթացքում դադարեցվում են ռազմական բոլոր գործողությունները, հայտնել է Կրեմլը։