
Դոնալդ Թրամփը որոշել է փրկել Հոլլիվուդը մաքսատուրք սահմանելով

Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել, ըստ որի անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել ամերիկյան կինոարդյունաբերությունը վերականգնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ԱՄՆ-ում ֆիլմարտադրությունը խիստ նվազել է, և շատ արտադրություններ տեղափոխվել են արտասահման՝ հարկային արտոնություններից օգտվելու նպատակով։ Այս գործընթացը, ըստ նրա, սպառնում է ազգային անվտանգությանը և խաթարում է ամերիկյան մշակութային ազդեցությունը։
«Մեր կինոարտադրությունը վերանում է։ Եթե այլ երկրներ պատրաստ չեն նկարահանել ֆիլմեր ԱՄՆ-ում, ուրեմն մենք պետք է մաքսատուրք կիրառենք նրանց արտադրության վրա»,-հայտարարել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ Առևտրի նախարարությունը պետք է անհապաղ սկսի գործընթաց՝ 100 տոկոս մաքսատուրք սահմանելով բոլոր օտարերկրյա ֆիլմերի համար, որոնք ներկրվում են երկիր։ Առևտրի նախարար Հովարդ Լութնիկն էլ գրել է. «Մենք դրանով ենք զբաղված»։
Չինաստանն, ի պատասխան, որոշում է կայացրել սահմանափակել ամերիկյան ֆիլմերի ցուցադրությունը երկրի տարածքում։ Սակայն Թրամփը նշել է, որ իրեն չի մտահոգում այդ որոշումը։