Թիվ 2 դպրոցի տնօրենն աշակերտին «պոլ լվանալ» է տալիս, ուսուցիչը` երեխային թուրք անվանում
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում սովորող երեխայի ծնողն Auroranews-ին ահազանգել է, որ օրեր առաջ դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանը 8-րդ դասարանի աշակերտին քաշքշել, ստիպել է պետքարանից վերցնել այսպես կոչված «պոլի փայտը» և մաքրել հատակին թափված հյութը: Իսկ հյութը թափվել էր դպրոցի միջանցքում ընկերոջ հետ կատակելու և անզգուշության հետևանքով:
Պարզաբանում պահանջած երեխայի մայրիկին տնօրենը դասղեկի ներկայությամբ ասել է, որ անիմաստ աղմուկ եք բարձրացնում, դա դպրոցի ներքին կանոնակարգն է և նման մեթոդիկայով ինքը դաստիարակում է երեխաներին: Ծնողի խոսքով Նազարյանը պնդել է նաև, որ դաստիարակչական աշխատանքի շրջանակներում վաղը հատակը կարող է մաքրել մեկ այլ աշակերտ և դրա մեջ որևէ արտառոց բան չկա: Auroranews-ի հետ զրույցում Նազարյանն ասաց, որ չի հրել չի քաշքշել երեխային և բնավ նպատակ չի ունեցել նվաստացնելու նրան: Երեխան և ականատատեսները սակայն հաստատում են, որ Նազարյանը քաշքելով է ստիպել պետքարանից վերցնել և մաքրել հատակը: Ի դեպ, այս դպրոցից ստացվել է մեկ այլ ահազանգ: Տեխնելոգիայի ուսուցիչ Կարինե Դավթյանը 6-րդ դասարանի աշակերտուհուն դասի ժամանակ աղմկելու համար թուրք է անվանել: Ի դեպ, տեղի ունեցածի վերաբերյալ դպրոցի տնօրենը տեղեկացավ Аuroranews-ից:
Նշենք, որ Auroranews-ն այս ռեպորտաժից հետո կապ է հաստատելու Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ-ի հետ` խնդրելու հստակ գնահատական տալ տնօրենի կողմից երեխաներին հատակ լվանալ տալու մեթոդիկային և պատասխանատության ենթարկել այս երևույթն առաջ քաշած տնօրենին: