Հայաստանում հնարավո՞ր է ստանալ որակյալ բարձրագույն կրթություն. Անդրեասյանը պատասխանել է

Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք և հենց այդ պատճառով է, որ կրթության զարգացման պետական ծրագրով խնդիր ենք դրել բարձրացնել մրցունակությունը և ունենալ մինչև չորս բուհ 500 լավագույն բուհերի շրջանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է ստանալ որակյալ բարձրագույն կրթություն:


«Այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, արդեն տեսնում ենք բավականին լուրջ առաջընթաց տարբեր բուհերի շրջանում: Եթե դուք վերցնեք և նայեք, օրինակ, ինչպես է աճել մեր տարբեր բուհերում գիտական հրապարակումների թիվը։ Բուհեր ունենք, որոնք էական առաջընթաց են ապահովում։ Ունենք բուհեր, որոնք իրենց ատեստավորման ներքին համակարգերն են դնում, որպեսզի կարողանան դասախոսական կազմը ավելի որակյալ և մրցունակ հավաքել»,-ասել է նա:


Հարցին՝ դա՞ է հաշվի առել, որ իր երեխայի կրթությունը արտերկրում է կազմակերպել, նախարարը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ ես այս հարցին արդեն պատասխանել եմ և ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև այդ հարցը սպառված եմ համարում»:


Անդրեասյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում պատմության դասագրքերի նկատմամբ հանրության մոտ եղած դժգոհություններին, որ փոփոխվել են որոշակի պատմական փաստեր:


«Պատմական փաստերի փոփոխություն մենք ընդհանրապես չենք իրականացնում: Պատմությունը այն է ինչ տեղի է ունեցել մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք վերլուծել և տարբեր տեսանկյուններից նայել պատմական տարբեր իրողություններին, ունենալ պատմական մտածողություն: Սա է մեր կարևոր խնդիրը: Պատմությունը նույնն է, ինչ որ միշտ», -ասել է նա: