Պատահարներ
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել
Ֆրանսիայի Բորդոյի շրջակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 20 հազար մարդու։
Հրդեհը տարածվել է շուրջ 2400 հեկտար տարածքով։ Այն մարելը դժվարացնում են 30 աստիճանից բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին։ Տարածքը հիմնականում ծածկված է սոճու անտառներով, որոնք շոգ եղանակի պատճառով չորացել են և արագ բռնկվում։
Հրդեհը սկսվել է Սոմոս համայնքի մոտ, այնուհետև տարածվել դեպի Լե-Պորժ և Կապ-Ֆերե թերակղզի։ Տարածքը հայտնի է որպես հարուստ փարիզեցիների հանգստավայր, սակայն այժմ այնտեղ մուտքը սահմանափակվել է։
Հրդեհի դեմ պայքարում ներգրավվել է շուրջ 500 հրշեջ։ Տարհանվել են նաև մոտ 10 հազար զբոսաշրջիկներ։ Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ կարող էր լինել անտառահատման տեխնիկայի աշխատանքը: