Ձեռքերդ հեռու Վրաստանից, ձեռքերդ հեռու Կովկասից․ Զուրաբիշվիլին՝ Պուտինին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Fox News-ին պատմել է Փարիզում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի մանրամասների մասին:


Նա հայտարարել է, որ Թրամփին ասել է, որ Վրաստանին աջակցություն է հարկավոր երկիրը եվրատլանտյան ուղուց հեռացնելու «Վրացական երազանքի» փորձերի դեմ:


«Հենց այդ մասին ես նրան ասացի, որ Վրաստանին այսօր աջակցություն է պետք, քանի դեռ այդ ամենը չի վերաճել բաց ճգնաժամի։ Արդեն 53 օր է՝ մարդիկ բողոքում են փողոցներում՝ դեմ արտահայտվելով լիազորություն չունեցող և Սահմանադրությանը հակառակ գործող կառավարության՝ Վրաստանը եվրատլանտյան ուղուց հեռացնելու փորձերին: Ահա այստեղ մեզ պետք է ԱՄՆ-ի աջակցությունը», - նշել է նա։


Զուրաբիշվիլին հայտնել է, որ Թրամփը պատասխանել է, որ եղել է Վրաստանում (Սահակաշվիլիի թիմի կառավարման շրջանում) և բարձր է գնահատում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամությունը: Հինգերորդ նախագահը վստահ է, որ Թրամփը կդառնա «Վրաստանի ավելի հուսալի դաշնակիցը, երբ մեր երկիրն ամենից շատ դրա կարիքը ունենա, եւ երբ Վրաստանը պետք է հայտնվի ամերիկացիների ուշադրության կենտրոնում»:


Լրագրողի հիշեցմանն այն մասին, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի առաջին նախաձեռնություններից մեկը լինելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, Զուրաբիշվիլին պատասխանել է, որ Թրամփին խորհուրդ կտար Ռուսաստանի նախագահին հայտարարել, որ նա «ձեռքերը հեռու պահի Վրաստանից, ձեռքերը հեռու տանի Կովկասից»։ Որովհետեւ դա արեւմտյան երկրների շահերի ոլորտն է»։


Զուրաբիշվիլին կարծում է, որ Կովկասի տարածաշրջանն այլևս չի գտնվի Ռուսաստանի տիրապետության տակ, և որ Կովկասին անհրաժեշտ է ինքնուրույն գոյություն ունենալու հնարավորություն տալ:


«Եվրոպական արժեքները միշտ եղել են այստեղ ուշադրության կենտրոնում, իսկ Վրաստանը շատ ակտիվ քաղաքացիական հասարակություն ունեցող երկիր է, որը ցանկանում է մաս կազմել այն արժեքներով հանրակցությանը, որոնք ներկայացնում են Եվրոպան և ԱՄՆ-ը։ Այնպես որ, ձեռքերը հեռու Վրաստանից»,- ընդգծել է նա։


Զուրաբիշվիլին կարծում է, որ ամերիկացիները պետք է հաշվի առնեն ռիսկերը, որոնք կապված են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ վրացական կառավարության հարաբերությունների հետ: Դա, ընդգծել է նա, նշանակում է, որ Ամերիկան «կկորցնի իր ռազմավարական շահերը կովկասյան տարածաշրջանի կենտրոնում»։


«Եվ դա միայն Կովկասին չի վերաբերում, խնդիրը վերաբերում է նաեւ Սեւծովյան տարածաշրջանին։ Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի գլխավոր նպատակներից մեկը Սև ծովն է։ Նույն նպատակին են ծառայում Ռումինիայում և Մոլդովայում ընտրությունների կեղծման փորձերը։ Սև ծովը ռազմավարական տարածք է Ամերիկայի համար։


Մենք Սև ծովում ունենք խոշոր նավահանգիստներ, որոնք կարող են փոխանցվել Չինաստանին։ Հենց այդպիսի ծրագիր է իրականացնում դե ֆակտո կառավարությունը, որն այժմ իշխանության ղեկին է Վրաստանում։ Այսպիսով, այս տարածաշրջանում, ԱՄՆ շահերի հետ մեկտեղ, վտանգված են նաև Եվրոպայի շահերը»,-հայտարարել Է Վրաստանի հինգերորդ նախագահը։


Նշենք, որ Դոնալդ Թրամփի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20 - ին՝ ոչ թե դրսում, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, այլ Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի ներսում:

Քաղաքականություն