Քանի մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար․ որոնք են պայմանները
Այս տարվա առաջին 9 ամիսներին 16060 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Դիմողների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանից է՝ 7693 անձ, որոնցից 3588-ը դիմել է անմիջապես Միգրացիայի և քաղաքացիություն ծառայություն (ՄՔԾ), իսկ 4105-ը դիմում է ներկայացրել հյուպատոսական ծառայության միջոցով։
«Եթե նախկինում տարեկանը միջինը լինում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու 8000 դիմում, ապա ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս թիվը բազմապատկվել է՝ հասնելով ընդհուպ տարեկանը միջինը 25 հազարի»,- նշում է ՄՔԾ պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ մեծ ակտիվություն է նկատվում նաև Լիբանանից՝ կրկին կապված անվտանգային իրավիճակի` Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ։
Նելլի Դավթյան տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 14876 անձի, մերժվել՝ 303–ի դիմումը (հունվարից սեպտեմբեր տվյալներ)։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մի քանի պարտադիր պայմաններ կան․ առաջինը ՀՀ-ում 3 տարի մշտական բնակությունն է։
«Այստեղ երբեմն թյուրըմբռնում է առաջանում, թե անձը ոչ մի օր չպետք է Հայաստանից բացակայած լինի, իրականում պետք է այստեղ լինի 180 օր և ավելի։ Եվ դա պետք է լինի օրինական հիմունքներով, ոչ թե վիզայի ժամկետով գա և գնա։ Անձը պետք է ունենա հաշվառում բնակչության պետական ռեգիստրում, համապատասխանաբար՝ կացության կարգավիճակ»,- նշում է Դավթյանը։
3 տարի անց անձը հանձնում է հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ (եթե անձն ազգությամբ հայ է, թեստի պահանջը չկա), եթե հաղթահարում է, դիմում է ՀՀ քաղաքացիության համար։ ՄՔԾ պետի տեղակալի խոսքով՝ դրանից հետո սկսվում է ստանդարտ վարչարարությունը․ գործն ուղարկվում է ԱԱԾ, համապատասխան ստուգումներ, ուսումնասիրություններ են արվում։ Գործընթացը 4 ու կես ամիս է տևում, սակայն հիմա նաև ՀՀ քաղաքացիության ստացման համար հերթեր են։
Միաժամանակ, այս տարվա առաջին ինը ամիսներին ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու խնդրանքով ՄՔԾ է դիմել 3107 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ դադարեցվել է 2859 անձի ՀՀ քաղաքացիություն, մերժվել՝ 63 անձի։
Դավթյանը բացատրում է՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող են դիմել նաև հյուպատոսական ծառայության միջոցով։ Բայց ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» կոնվենցիային, որի նպատակն է կանխարգելել ապաքաղաքացիություն երևույթը։ Ուստի ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը կարող է բավարարվել, եթե անձը կա՛մ այլ երկրի քաղաքացի է, կա՛մ հավաստագիր է ներկայացնում, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կստանա այլ երկրի քաղաքացիություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։