«Հեզբոլլահի» փեյջերներում պայթուցիկները հնարավոր չի եղել նախապես հայտնաբերել. Al Mayadeen
Լիբանանում սեպտեմբերի 17-ին զանգվածաբար պայթած փեյջերների պայթուցիկ նյութը հնարավոր չի եղել նախապես հայտնաբերել, այդ թվում՝ միջազգային օդանավակայաններում տեղադրված սկաներների միջոցով։ Այս մասին չորեքշաբթի, սեպտեմբերի 18-ին հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, գրում է RTVI–ը:
Անվտանգության աղբյուրների համաձայն՝ պայթյունի ժամանակ օգտագործվել են «առաջադեմ տեխնոլոգիաներ», որոնք որոշակի պահի պատճառ են դարձել դրանցում լիթիումի պայթյունի, այլ ոչ թե փեյջերների մարտկոցների։
Ինչպես պարզել է ալիքը, որոշակի պահի «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող փեյջերները ստացել են որոշակի «հատուկ հաղորդագրություն, որը չորս վայրկյան անց սարքի պայթյունի պատճառ է դարձել՝ անկախ նրանից՝ փեյջերի տերը բացե՞լ է այս հաղորդագրությունը, թե՞ ոչ»։ Միաժամանակ, ըստ աղբյուրների, պայթյունի պահին անջատված կամ ցանցի ծածկույթից դուրս գտնվող սարքերը չեն պայթել։
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ մարտկոցի տախտակի ներսում հատուկ պայթուցիկ է տեղադրվել Իսրայելի ռազմական հետախուզության և Մոսադի արտաքին հետախուզության ծառայության գործակալների կողմից։