Քաղաքականություն

Էրդողանն ու Թրամփը Անկարայում կքննարկեն «F-35» ծրագիրը, պաշտպանական համագործակցությունն ու պատժամիջոցները

Էրդողանն ու Թրամփը Անկարայում կքննարկեն «F-35» ծրագիրը, պաշտպանական համագործակցությունն ու պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 6-ին կայցելի Անկարա, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված բանակցությունների առանցքային թեմաներից կլինեն պաշտպանական համագործակցությունը, «Ֆ-35» կործանիչների ծրագիրը, ԱՄՆ-ի պատժամիջոցները և թուրքական «KAAN» կործանիչի համար շարժիչների մատակարարումը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։


Թուրքիայի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, Սիրիայի իրավիճակը, Թուրքիայի սպասումները Քրդստանի աշխատավորական կուսակցության և Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումների դեմ պայքարի վերաբերյալ, տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը, Գազայի հատվածի հակամարտությունը, Իրան–Իսրայել լարվածությունը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Սև ծովի անվտանգությունն ու ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը։


Բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։ Ըստ թուրքական աղբյուրների՝ հնարավոր է նաև հայտարարություն արվի թուրքական «KAAN» կործանիչի համար ավիացիոն շարժիչների մատակարարման համաձայնության մասին։


Միևնույն ժամանակ, ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, Դոնալդ Թրամփը կարող է Անկարա կատարելիք այցի ընթացքում հայտարարել Թուրքիայի՝ «F-35» ծրագրին հնարավոր վերադարձի մասին։ Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքի հնարավորությունը՝ ամերիկյան օրենսդրության պահանջների պահպանման պայմանով, չնայած Կոնգրեսում առկա ընդդիմությանը։


Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի առանցքային օրենսդիրներին արդեն տեղեկացրել է ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ ավիացիոն շարժիչների վաճառքը Թուրքիային հաստատելու մտադրության մասին։


Թուրքիան նախկինում «F-35» ծրագրի մասնակիցներից էր և դրանում ներդրել էր շուրջ 1,4 միլիարդ դոլար։ Սակայն 2019 թվականին, ռուսական «C-400» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո, ԱՄՆ-ը դուրս բերեց Անկարային ծրագրից՝ պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել «F-35»-ի տեխնոլոգիական անվտանգությունը։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ակնկալում է կամ վերադառնալ ծրագրին, կամ ստանալ փոխհատուցում իր կատարած ներդրումների դիմաց։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250