Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
Հուլիսի 4-12-ը Երևանը առաջին անգամ կհյուրընկալի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
Հայաստանի Մ16 հավաքականը հանդես կգա B խմբում, որտեղ կմրցի Անդորրայի, Ջիբրալթարի, Մալթայի և Մոնակոյի հավաքականների հետ։ Նախորդ երկու տարիներին Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ այս տարի սեփական հարկի տակ նպատակ ունի նվաճել չեմպիոնի կոչումն ու B դիվիզիոնի ուղեգիրը։
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Նարինե Շահբազյանի խոսքով՝ նման մրցաշարերը նպաստում են խաղային մարզաձևերի զարգացմանը, միջազգային փորձի ձեռքբերմանը և Հայաստանի հեղինակության ամրապնդմանը՝ որպես խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալող երկրի։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը նշել է, որ մրցաշարի կազմակերպման համար բարելավվել են Սպորտի կառավարման կենտրոնի ենթակառուցվածքները, իսկ նման միջոցառումները խթանում են նաև զբոսաշրջությունն ու տնտեսությունը։
Առաջնության ընթացքում կանցկացվի 24 հանդիպում։ Բոլոր խաղերը կկայանան Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում (Մանանդյան 41), իսկ մուտքը հանդիսատեսի համար կլինի անվճար։
Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլում հուլիսի 4-ին կմրցի Անդորրայի, հուլիսի 5-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 8-ին՝ Մալթայի, իսկ հուլիսի 9-ին՝ Մոնակոյի հավաքականների հետ։ Բոլոր հանդիպումները կմեկնարկեն ժամը 19:00-ին, իսկ առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 12-ին։